▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգչուհի Էյնջլը նեղացել էր, իսկ այժմ ուրախանում է ամերիկյան հաջողություններով

Հայկական շոու բիզնեսի վառ, հետաքրքիր և անսպասելի կերպարներից մեկը` երգչուհի և դերասանուհի Էյնջլը, ով ի սկզբանե տարբերվեց իր ընտրած երգելաոճով, գրեթե մեկ ամիս է, ինչ բացակայում է Հայաստանից: Մինչ մեկնելը երգչուհին ներկայացրել էր Ռոդ Ստյուարտի «I Wish You Love» ստեղծագործության հիման վրա նկարահանած իր առաջին տեսահոլովակը, որը  գրաֆիկական լուծումներով է:

Ըստ Asekose.am-ի  տեղեկությունների` Էյնջլը այժմ գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ փորձում է ծավալել իր գործունեությունը և այն էլ ավելի ընդլայնել: Ըստ մեր տեղեկությունների` երգչուհին ներկա պահին Լոս-Անջելեսում մասնակցում է ամերիկյան հեռուստատեսային նախագծերում և ֆիլմերում նկարահանվելու համար կազմակերպված քասթինգների և, իմիջիայլոց, արդեն կան դրական արդյունքներ:

Իսկ Ամանորի գիշերը Էյնջլը հանդես է գալու Լաս-Վեգասում, որտեղ լինելու է մեծ շոու, և որտեղ երգելու է միայն Էյնջլը` իր երգացանկով, ինչպես նաև կատարելու է համաշխարհային մի շարք ստեղծագործություններ: Նշենք նաև, որ երեկոյի հանդիսատեսը միայն մեր հայրենակիցները չեն լինելու, այլ նաև` ամերիկաբնակ, ռուսազգի ներկայացուցիչներ:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհու մայրիկի` ռեժիսոր Լուսինե Մարտիրոսյանի հետ` պարզելու Էյնջլի Հայաստանից հեռանալու պատճառները, ինչպես նաև երգչուհու կողմից սպասվելիք նոր անականկալների մասին:

Սովորաբար մեր հասարակությունը վառ և հետաքրքիր կերպարներին, ովքեր հանդես են գալիս իրենց հոգեհարազատ երաժշտությամբ և նրանց, ովքեր չեն գնում կոմերցիայի ետևից և չեն կատարում այն երաժշտությունը, որը որ այսօրվա երիտասարդությանն ավելի հոգեհարազատ է, դժվար է հարմարվում: Ըստ ձեզ` ինչո՞ւ է դա այդպես:

Ես չեմ կարծում, ավելի շուտ հույս ունեմ, որ երիտասարդությունը տարված չէ երաժշտական այն ժանրով, որի մի մասին խոսում եք: Այն, ինչ անում ես ժողովրդի համար, վայելում է մասսայականություն: Այլ հարց է, սիրելով է դա արվում, թե պարզապես գումար վաստակելու համար: Էյնջլը մեծացել է ճաշակով երաժշտության ներքո: Եվ ի սկզբանե չի կարող սիրել այն, ինչը իրեն օտար է: Իսկ գումար վաստակել և գնալ իր սկզբունքներին հակառակ, դա մեզ համար չէր:

Իսկ ի՞նչ հաջողություններ է ունեցել Էյնջլը Հայաստանում, չէ որ չնայած նրան, որ նա մի քանի տարի է, ինչ այս ասպարեզում է և մինչ այսօր ունի ընդամենը մեկ տեսահոլովակ, բայց, այնուամենայնիվ, մինչև այսօր նա հիշվում է մյուսներից տարբերվելու իր հատկանիշով, իր վառ կերպարով և հետաքրքիր ու ճաշակով երգացանկով:

Էյնջլը երգող-դերասանուհի է: Նա նկարահանվում է մանկուց, իսկ 15 տարեկանից արդեն բեմում է: Ըստ իս` նա տարբերվում է իր ձայնի «տեմբրով» և համարձակ բեմական կերպարներով: Երբ չես ձուլվում հասարակությանը, բնականաբար դեմ ես առնում պատնեշների: Մի «գաղտնիք» ասեմ, Էյնջլը ունի գեղեցիկ արտաքին, լավ պարում է և ունի ձայն. բավական էր մի «հիթային» երգ պատրաստել արբա-թուրքական «մոտիվներով», տեսահոլովակ նկարահանեինք, և կվայելեինք մասսայականություն: Դրանից հեշտ բան, այն էլ ինձ համար, չէ որ ես 10 տարուց ավելի է` շոու բիզնեսում եմ: Բայց գնալ դրան չէինք կարող ոչ ես, առավել ևս, ոչ էլ Էյնջլը: Շատ ափսոս, լինելով սրտացավ և հայրենասեր, նա հասկացավ, որ գնահատվում է օտար երկրում:

Իսկ հնարավո՞ր է, որ Էյնջլը նեղացել է հայ հասարակությունից, և ԱՄՆ մեկնելու պատճառներից մեկը հենց դա է:

Հնարավոր է: Համենայն դեպս, ես իր տեղը չեմ կարող պատասխանել: Բայց կարծում եմ` կա էդպիսի ճշմարտություն:

Ի՞նչ ստեղծագործական նորություններով է հանդես գալու Էյնջլը հայ հանդիսատեսի համար, ովքեր որ իսկապես գնահատում են նրա գործունեությունը:

Մեկնելուց առաջ նկարահանել ենք տեսահոլովակ` Գիսանե Պալյանի «Երկնքից» երգի հիման վրա, որը եթերում կլինի հունվարի վերջերին: Ես պարզապես չեմ մեկնում իր մոտ ԱՄՆ, այլ ես կարծում եմ, որ լինելով այնտեղ, ոգեշնչված համատեղ կստեղծագործենք: Առաջ Աստված:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее