«100 դրամանոց քիլլերներին», որ ժամանակին անվանում էին երթուղային տաքսիների որոշ վարորդներին, Երևանում եկել են փոխարինելու երթևեկող գովազդները:
Խոսքը մայրաքաղաքի փողոցներով այս ու այն կողմ շտապող մոտոցիկլետների մասին է, որ ներկայացնում են Հայաստանում գործող միացյալ պատվերների համակարգը:
Նրանք հատկապես ցերեկվա ժամերին, երբ երթևեկությունը բավականին բարդ ու խճճված է դառնում կենտրոնական փողոցներում, այնպես են վարում իրենց փոխադրամիջոցը, որ ոչ միայն դառնում են վարորդների բարկության պատճառ, այլ նաև վթարային իրավիճակներ են ստեղծում:
Իր ծառայությունների մասին մարդկանց ծանուցելու այս տարբերակն ընտրած ընկերությունը ցանկալի է, որ սեփական գովազդից ու իրենց պատվիրատուների քաղցը հագեցնելուց առավել մտածի առաքման մոտոցիկլները վարողների անվտանգության և նաև երևանցի վարորդների համբերատարության սահմանի մասին:
Եթե ոմանց համար հոգ չէ, որ մոտոցիկլ վարողները չեն կրում համապատասխան սաղավարտ, ինձ համար հաստատ հետաքրքիր է, թե արդյոք Մենյու.am-ի մոտոցիկլիստներն ունեն համապատասպան վարորդական իրավունք:
Իսկ եթե ունեն էլ՝ հաստատ հրահանգ չունեն, որ պատվիրատուին սնունդը հասցնելու ժամանակ չպետք է փոխադրամիջոցն անպարտաճանաչ վարելով և անդադար ձայնային ազդանշան տալով ազդեն երևանցիների ու հատկապես վարորդների նյարդերի վրա:
Ճիշտ են ասում, որ գովազդը եթե չմտածված ես անում, լրիվ հակառակ էֆեկտն է ստանում:
Իսկ մեր այս նկատառումով հաստատ վերոնշյալ ընկերությանը ոչ ցանկանում ենք գովազդ անել, ոչ էլ հակագովազդ, սակայն ակնհայտ է, որ «մոտոցիկլետների քարոզարշավը» կամ չմտածված է արվել, կամ ոչ կուշտ փորով:
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան