Գյուղատնտեսական մթերքներ ՌԴ արտահանելու հարցում առաջացած խնդիրներում իր մեղքի բաժինն ունի նաեւ կառավարությունը։ «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի փոխանցմամբ՝ ՌԴ-ի արգելիքը չի վերաբերում ընդհանրապես բոլոր արտահանումներին, այլ մի քանի արտահանողի, որոնց ներառել է սեւ ցուցակում, ինչի մասին նաեւ տեղեկացրել է հայկական կողմին, սակայն այստեղ, պարզվում է, հարկ չեն համարել գործարարին հայտնել, որ արտահանելու համար ունի արգելք։
«Այն արտահանողը, որը փորձել է արտահանել 12 մեքենա խնձոր, եղել է սև ցուցակում ու չի իմացել այդ մասին։Այստեղ ձևակերպել են, գնացել է, իսկ Լարսում ասել են, որ չի կարող տեղափոխել եւ որ Հայաստանին ցուցակը տվել են», - մանրամասնեց Բերբերյանը։
Ամիսներ առաջ ՌԴ-ից եկել են Հայաստան, մոնիտորինգ են արել, ընտրել այն ընկերություններին, որոնք բարեխիղճ են աշխատում, կազմել են ցուցակ։ «Իհարկե, նաեւ առիթից օգտվում են, քաղաքական տարր էլ մեջը կա, այսօրվա հարաբերությունների հարցն ու երանգը մեջը կա, բայց այդ արտահանողը, իսկ ինքն արտահանող է՝ արտադրող չէ, 12 մեքենա խնձոր է ձեռք բերում արտադրողից ու տանում, Լարսում դա պարզում են, դա մերոնց անփութությա ասեմ, չգիտեմ ինչ ասեմ, հետեւանք է»,- նշեց պարոն Բերբերյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարի մեր Էկոնոմիկայի նախարարությունը ընտրեց մի խումբ ներկրողներ, որոնք կարող էին գյուղացուն ցորեն վաճառել, դրա մեջ կասկածելի բան կար, նույնը հիմա Ռուսաստանն է անում։
Հրաչ Բերբերյանը չբացառեց, որ քաղաքական հարաբերությունները կարող են հանգեցնել նրան, որ, իրոք, ՌԴ շուկան մի օր, ընդհանրապես, փակվի մեզ համար, բայց այսօրվա ինֆորմացիոն դաշտում ավելորդ խուճապ է։ Նա վստահեցրեց, որ բանջարեղենի արտահանման խնդիր չկա, ուղղակի կարող են արտահանել կոնկրետ մարդիկ, կոնկրետ ընկերություններ։
«Մենք գյուղերում միշտ լինում ենք, մարդիկ ասում են, որ չէին սպասում, որ Ռուսաստանը Հայաստանի հետ այսպես կվարվի»,- ասաց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է անցյալ տարվա չարտահանված կարտոֆիլին, ապա դրա պատճառը, ըստ նրա, այլ էր՝ Թուրքիան իր կարտոֆիլը լցրեց Վրաստան, մեր կարտոֆիլը չտարան։ Արդյունքում՝ պահեստներում 120-150 հազար տոննա կարտոֆիլ է փչացել։
«Գյուղատնետեսությունը ծրագրվում է մեկ տարի առաջ։ «Ֆերմերների միավորում»-ն, օրինակ, պլանավորում է, թե հաջորդ տարի ինչ պետք է անի, պետք է նախապատրաստենք, ունենանք պարարտանյութ, սերմացու, տեխնիկա։ Լուրջ գյուղատնտեսներն այդպես են աշխատում, իսկ այն, որ Երևանյան լճի ափից բերել պաշտոններ են տվել, բնականաբար, մեր վիճակն էլ այսպես պետք է լինի, էլի։ Ես ասել եմ ու կասեմ՝ եթե գյուղատնտեսության նախարարություն ունենայինք, ապա գյուղատնտեսությունն այս վիճակում չէր լինի։ Ո՞ւմ են պետք 3 փոխվարչապետները, Էկոնոմիկայի նախարարություն՝ն իր գաղափարախոսությամբ կոորդինացնող նախարարություն է, գյուղնախարարությունը արտադրող է, դրանք անհամատեղելի են, վերցրել են գյուղնախարարության ֆունկցիաները տվել են էկոնոմիկային, դա չի աշխատելու։ Կունենա՞նք հմուտ կադրեր՝ և՛ ճանապարհը բաց կլինի, և՛ շուկան, կապ չունի, թե որ դաշինքում կլինենք,- ասաց Հրաչ Բերբերյանը։
Աղբյուրն՝ այստեղ