Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար կազմի հետ քննարկել է գերատեսչության առջև դրված խնդիրները, լուծման տարբերակներն ու ծրագրերը:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է մաև բազմաբնակարան շենքերում համատիրությունների ստեղծման հետ կապված գործընթացի մասին:
Վարչապետին զեկուցվել է, որ այս ոլորտում արված վերլուծությունը վեր է հանել համատիրությունների կողմից շենքերի շահագործմանը, կանոնների պահպանմանը, համատիրությունները կառավարող ընկերությունների և բնակչության իրավունքների ու պարտականություններին առնչվող մի շարք խնդիրներ, և անհրաժեշտ է այդ հարցերն ու մեխանիզմները հստակեցնել օրենքի ուժով։
Այդ նպատակով ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է «Համատիրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությունների փաթեթ, որը ներկայում քննարկման փուլում է: «Կոլեկտիվ պատասխանատվությունը չաշխատող մեխանիզմ է: Համատիրության կառավարիչը պետք է լինի պրոֆեսիոնալ:
Այդ պրոֆեսիոնալների մեջ պետք է լինի մրցունակություն: Պետությունն այս ինստիտուտի կայացման մեջ չափազանց ակտիվ դերակատարություն պետք է ունենա: Մենք առավելագույնս պետք է աջակցենք, որպեսզի այդ մասնավոր կառավարիչները ծնվեն և խոշորանան: Պետք է մշակենք պետական աջակցության մեխանիզմ, որով խնդիրները լուծելուց հետո արդեն կառավարումը հանձնենք մասնավորին: Մենք խնդիրները ֆունդամենտալ լուծում ենք, ինստիտուտը տալիս ենք, այնուհետև համայնքի բնակիչը, սեփականության մասնաբաժին ունենալով, ինքը պետք է վճարի, որպեսզի խնդիրը լուծվի: Եթե այս ինստիտուտի հիմքը լավ և տրամաբանորեն ճիշտ դնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտ ենք ստանալու՝ և´ ներդրող է հայտնվելու, և´ հետաքրքիր մշակույթ է ձևավորվելու», - ասել է վարչապետը: Ընդգծելով, որ համատիրությունների ոլորտի բարեփոխումը չափազանց կարևոր է՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումասիրել միջազգային փորձը և ներկայացնել համապարփակ լուծման տարբերակներ՝ ռեֆորմը հաջողելու համար: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել կառուցապատման բնագավառի հաստատված և կանխատեսվող ներդրումային ծրագրերի վերաբերյալ. կոմիտեի հաշվարկով՝ այս տարեվերջին շինարարության ոլորտում ակնկալվում է 15 տոկոս աճ՝ ՀՆԱ-ի մեջ մոտ 1-1.5 տոկոսով ավելի նախորդ տարվա համեմատ:
Անդրադառնալով ներդրողների հետ աշխատանքների կանոնակարգման հարցին՝ կոմիտեի նախագահն առաջարկել է ստեղծել կառավարման գործուն օղակ, հանձնաժողով, որը պարբերաբար կքննարկի ընթացիկ հարցերը և լուծում կտա։ Այս առնչությամբ կառավարության ղեկավարն ասել է. «Եթե կառավարման համակարգը չի աշխատում, այն պետք է փոխվի: Եթե մենք կանոնավոր գործող հանձնաժողովի անհրաժեշտություն ունենք, ես դեմ չեմ, որ այդ ինստիտուտը ձևավորենք, բայց ակնկալում եմ ձեզնից առաջարկություններ բոլոր նեղ տեղերի վերաբերյալ, որոնք այսօր մեր պոտենցիալ ներդրողին խանգարում են: Այդ հարթակում, բացի առօրյա հարցերից, մի քանի ամսվա աշխատանքի վիճակագրության հիման վրա կվերացնենք նաև համակարգային խանգարող խնդիրները»:
Վարչապետ Կարապետյանին տեղեկատվություն է ներկայացվել նաև ՀՀ տարածքում բնակավայրերի գլխավոր հատակագծերի մշակման և հաստատման, շինարարության համալիրում գնագոյացման սկզբունքները ձևավորող բաղադրիչների արդիականացման, նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրդման, գնումների գործընթացի բարելավման, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների պահպանման, շահագործման, հուսալիության բարձրացման և սեյսմիկ անվտանգության բարելավման համալիր միջոցառումների մշակման, քաղաքաշինական ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի փորձաքննության արդյունավետության բարձրացման, լիցենզավորման գործընթացի և պետական վերահսկողության խնդիրների կարգավորման վերաբերյալ: Կարեն Կարապետյանը կարևորել է այս ուղղություններով աշխատանքների շարունակականությունն ու հետևողականությունը՝ հանձնարարելով ներկայացնել առաջարկությունների փաթեթ:
Կարդացեք նաև՝ Չէ, ես ըտենց 257 միլիոն չեմ տալու...Կարեն Կարապետյան