▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ կինս մկրտվեց, հրաշք տեղի ունեցավ. անբուժելի հիվանդությունը իսպառ վերացավ. Սարգիս Գրիգորյան

​​​​​​​

qahana.am կայքի այս շաբաթվա հյուրը սիրված դերասան Սարգիս Գրիգորյանն է:

Ի՞նչ դեր ու նշանակություն ունի Աստված Ձեր կյանքում:

Ինձ համար հավատքը կապված է կյանքի, ապրելու, արարելու, ստեղծագործելու, բարին տեսնելու, բարի գործեր անելու հետ: Ես Աստծո ներկայությունը զգում եմ թե տխրության, թե ուրախության ժամանակ: Նա իմ մեջ է, իմ սրտում: Ես գտնում եմ, որ հավատն առ Աստված մեծ դեր խաղաց իմ կյանքում, որն ինձ ուժ տվեց առաջ գնալու, ավելի նպատակասլաց լինելու:

Դուք ունեք հրաշալի աղջիկներ: Մկրտվա՞ծ են իրենք: Եվ որքանո՞վ եք կարևորում մկրտությունը քրիստոնյայի կյանքում:

Երեք աղջիկ ունեմ, երեքն էլ մկրտված են: Մկրտվեց նաև կինս՝ Մանոն, որից հետո նրա մոտ հրաշք տեղի ունեցավ՝ նրա անբժշկելի թվացող հիվանդությունն իսպառ վերացավ: Մկրտությունը փոխեց մեր կյանքը: Ես ուշ եմ մկրտվել՝ քսանչորս տարեկանում: Դրանից հետո իմ մասնագիտության մեջ, իմ ընտանիքում կամաց-կամաց հաջողության եմ հասել: Մկրտությունն ինձ ավելի մոտեցրեց Աստծուն:

Դուք հաճա՞խ եք աղոթում:

Շատ եմ աղոթում, երբ ինձ մոտ ամեն ինչ լավ է լինում: Շատերը դժվարությունների ժամանակ են աղոթում, բայց պետք չէ միայն այդ ժամանակ հիշել Աստծուն: Հաճախ է լինում, երբ թեկուզ փոքր հաջողության դեպքում ուզում եմ արտահայտվել, շնորհակալություն հայտնել Աստծուն՝ ինքս ինձ հետ մենակ մնալով:
Եկեղեցի կամ մատուռ այցելելիս միշտ երեք մոմ եմ վառում՝ Ս. Երրորդության հետ կապված: Առաջին մոմը վառում եմ Աստծո Արքայության համար, երկրորդը՝ իմ ընտանիքի, երրորդը՝ մեր ժողովրդի, մեր երկրի համար:

Հունվարի 31-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով նշեց Ս. Սարգսի տոնը: Արդյո՞ք հավատում եք սրբերի բարեխոսությանը:

Հավատացողնեից մեկը պարտադիր ես պետք է լինեմ, որովհետև իմ անունը դրվել է ի պատիվ Ս. Սարգսի: Մի հետաքրքիր պատմություն կա դրա հետ կապված: Հայրս որոշել էր իմ անունը Վլադիմիր դնել, բայց մայրս իմ ծննդյան նախորդ գիշերը երազ է տեսնում, որտեղ հրեշտակն ասում է, որ երեխայի անունը անպայման Սարգիս պետք է դնի՝ Ս. Սարգսի անունով: Մայրս այդպես էլ անում է՝ առանց հորս հետ համաձայնեցնելու:
Ես հպարտ եմ, որ ամենավեհ զգացմունքը՝ սերը պաշտպանողի, սիրո բարեխոսի անունն եմ կրում: Ս. Սարգսի տոնը կարծես հիշեցնում է, որ մեկս մյուսին պետք է սիրի, հավատա, մեկս մյուսով ապրի:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее