Չեմ ուզում խորաքննին վերլուծության ենթարկել այն հայ տղաներին, ովքեր ինքնաբուխ մեկնում են արտագնա աշխատանքների, արյուն ու քրտինք թափում ռուսական ասֆալտներին և, կլորիկ գումար դնելով գրպանները, ոսկե շղթաներով և երկու հարկանի ավտոմեքենաներով վերադառնում Հայաստան:
Բայց երբ այդ ինքնամեծար «խոպանչիները» բացի իրենց գյուղական շրջապատում ինքնահաստատման բռի փորձերից, սկսում են տեսահոլովակներում նկարահանվել և ամեն քայլափոխի իրենց պաստառները փակցնել, ակամայից ստիպում են քեզ դառնալ շոուբիզնես կոչվածի ահաբեկիչ:
Իբր գոհ էինք թուրքական «Բալա» անվանումը կրող տեսահոլովակից և օտարամոլության ցինիզմով տառապող հանդիսատեսների ծափահարություններից, հիմա էլ «Օլյա»:
Վաչե Ամիրյանին անձամբ չեմ ճանաչում և, ճիշտն ասած, ցանկություն էլ չունեմ, բայց, դատելով նրա «խոպանատենչ» մշակութային գործունեությամբ, կարող եմ փաստել, որ նա ուս ուսի է տվել մեր երկրի ղեկավարության հետ և բոլոր հնարավոր ձևերով խթանում է արտագաղթի աճին. ղեկավարությունն իր կենսակերպի, սոցիալական պայմանների վատթարացումով, Վ.Ամիրյանը՝ «բալա-օլյա»-ներով:
Իսկ վերջում էլ կարող եմ մի լավ միտք տալ «բալայամոլ» հայ հանրությանը. եթե վաճառեք ձեր բնակարանը, կարող եք երեք ամսվա ընթացքում դառնալ հայկական շոուբիզնեսի թոփ աստղերից մեկը: Բնակարանի ամբողջ գումարը հանձնեք «Դար21»-ին և հիացեք ձեր անտաղանդ տաղանդաշատությամբ:
Հովհաննես Եսայան
Երբ ինքնամեծար «խոպանչիները» սկսում են տեսահոլովակներում նկարահանվել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet