«Ժողովուրդ» թերթը գրում է. «33-ամյա դատավոր Դավիթ Հարությունյանը, որը 2011 թվականին նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ մինչ այդ աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որպես հատկապես կարեւոր գործերի քննիչ, չնայած երիտասարդ տարիքին, բավական ունեւոր է:
Ըստ իր պաշտոնական հայտարարագրի՝ Հարությունյանի դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 16 մլն դրամ եւ 200 հազար դոլար: Հարց է ծագում՝ իսկ ինչպես է երիտասարդը հասցրել այդքան ունեցվածք կուտակել: Նա ուսումն ավարտելուց հետո աշխատել է իրավապահ տարբեր կառույցներում՝ հիմնականում որպես քննիչ, հետագայում դարձել է դատավոր: Ի դեպ, Հարությունյանի ամսական աշխատավարձը կազմում է 403 հազար դրամ: Դրանից բացի՝ նա 2014-ին ունեցել է այլ՝ 893 դոլարի եկամուտ: Սակայն դատավորի կինը՝ Ռուզաննա Մանթաշյանը, ավելի հարուստ է: Նա ոչ մի տեղ չաշխատելով՝ ունի 457 հազար դոլար եւ 15 մլն դրամ դրամական միջոցներ:
Ու երբ հայտնի է դառնում, թե նա ում որդին է, ամեն ինչ իր տեղն է ընկնում. նա պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է: Կարծում ենք՝ արդեն ինչ-որ չափով հասկանալի է դառնում, թե երիտասարդ դատավորին եւ նրա կնոջը որտեղից այդքան ունեցվածք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում