▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ե՞րբ և ինչպե՞ս խոսել երեխայի հետ սեքսի մասին

Եթե շատ կարճ պատասխանենք բլոգի վերնագրում նշված հարցին, ապա պատասխանը կհնչի հետևյալ կերպ. ԵՐԲ՝ երբ երեխան ինքը կհարցնի այդ մասին, ԻՆՉՊԵՍ՝ երեխայի տարիքին համապատասխան հասկանալի լեզվով: Երեխայի սեռական զարգացումը և դաստիարակությունը սովորաբար ընթանում է ընդհանուր զարգացմանն ու դաստիարակությանը համընթաց: Անհրաժեշտություն չկա այդ ընթացքը արհեստականորեն արագացնելու, քանի որ երեխայի տարիքին չհամապատասխանող ինֆորմացիայի տրամադրումը կարող է հոգեբանական տրավմայի ենթարկել երեխային:

Սովորաբար երեխաներն ինքներն են հարցեր տալիս այն մասին, թե ինչպես են իրենք ծնվել: Սովորակար դա տեղի է ունենում, երբ երեխան 3-4 տարեկան է: Երբ երեխան հարցնում է, թե ինչպես է ինքը լույս աշխարհ եկել, կարիք չկա շփոթվելու, քանի որ փոքրիկը ամենևին էլ ի նկատի չունի այն մանրամասնությունները, որոնք կարող են անցնել մեր մտքով: 3-4 տարեկան երեխան լիովին կբավարարի մեր այն պատասխանը, որ նա ծնվել է մայրիկի փորիկից: Այդ տարիքի երեխան պետք է հստակ իմանա աղջիկների և տղաների միջև եղած տարբերությունները: Դա ամենևին բարդ չէ, երբ ընտանիքում հստակ եզրագծված են հոր և մոր դերերը:

Երեխայի հետ զրուցելիս կարիք չկա անորոշության մթնոլորտ ստեղծել, ինչպես նաև սևեռել երեխայի  ուշադրություն ոչ անհրաժեշտ մանրուքների վրա: Անհրաժեշտ է երեխայի հետ անկեղծ լինել, անկաշկանդ, հասկանալ, որ երեխայի այն հարցը, թե ինչպես է նա ծնվել նույնքան անմեղ է, որքան, օրինակ, թե ինչու է գետակը հոսում դեպի ներքև:

Ընդհանրապես երեխային սեքսի և հարակից թեմաների մասին ինֆորմացիա տրամադրելու մասին կան երկու ծայրահեղ կարծիքներ. համաձայն առաջինի, երեխաներին ընդհանրապես ոչ մի տեղեկություն չի կարելի տրամադրել սեքսի վերաբերյալ, նրանք համոզված են, որ երեխան կմեծանա և ինքը կգտնի իրեն անհրաժեշտ ինֆորմացիան, իսկ երկրորդ կարծիքի կողմնակիցները պնդում է, որ երեխան պետք է մաքսիմալ տեղեկացված լինի: Առաջին կարծիքի կողմնակիցները պնդում են, որ սեռական դաստիարակությունը նպաստում է վաղ սեռական կյանքին, վաղաժամ հղիություններին և աբորտներին: Իսկ մյուսները համոզված են, որ տեղեկացված լինելը կնվազեցնի բռնությունների, սեռավարակների թիվը, և կնպաստի ներդաշնակ ընտանիքի ձևավորմանը:  Իհարկե, երկուսն էլ ծայրահեղ են, և ոսկե միջինը կլինի լավագույն ընտրությունը:

Մեր հաջորդ բլոգերում կանդրադառնանք սեռական դաստիարակության տարբեր թեմաների: Կներայացնենք, թե ինչ ենք հասկանում ասելով սեռական դաստիարակություն: Չ՞է որ, սեռական դաստիարակությունը դա սեքսի մասին ինֆորմացիան չէ,այլ դա կրթությունն է, որը թույլ է տալիս երեխային ՃԻՇՏ ձևով մատուցել, թե ինչ է սերը, որն է սիրո պտուղը, ինչպես է այդ պտուղը լույս աշխարհ գալիս, ինչով են տարբերվում մայրիկի և հայրիկի մարմինները,  ավելի մեծ տարիքում՝ ինչ է հղիությունը. ցանկալի և ոչ ցանկալի, որոնք են սեռական հարաբերությունների՝ առողջության համար վտանգավոր հետևանքները, ինչպես պաշտպանվել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությոններից, պատանիներին բացատրել ինչպիսի փոփոխոթյուններ են տեղի ունենում իրենց և հակառակ սեռի պատանիների մոտ սեռական հասունացման ընթացքում, տղաներին և աղջիկներին սովորեցնել ինչպես թույլ չտալ անցանկալի հղիության զարգանալը, ինչպես հարգել դիմացինի զգացմունքները: Իրականում, կարելի է անսահման թվարկել այն ամենը, ինչ ասում ենք սեռական դաստիարակություն ասելով:

Գոյություն ունեն շատ գրքեր, գրված հոգեբանների, գինեկոլոգների, սեքսոլոգների կողմից, որոնց համատեղ աշխատանքը թույլ է տալիս նրբանկատորեն մատուցել սեռական դաստիարակությանը վերաբերող թեմաները: Օգտվեք նրանց օգնությունից երեխայի հետ զրուցելիս, կամ հենց գրքով առաջնորդվեք, քանզի նրանց պատկերազարդ նկարները թույլ կտան հեշտացնել նյութի մատուցումը: Իրականում երեխայի հետ այս թեմայի շուրջ զրուցելը այնքան բարդ բան չէ, որքան մենք պատկերացնում ենք:  Մեր նախապաշարմոնքները թույլ չեն տալիս մեզ ազատ զգալ երեխայի հետ զրույցի ժամանակ: Շատ կարևոր է ձեռք բերել երեխայի վստահությունը, որպեսզի նրա մոտ հարցեր առաջանալու դեպքում երեխան դիմի հենց ձեզ: Նույնիսկ եթե երեխան դուրսը լսել է մի այնպիսի բան, որ դուք չէիք ուզենա, որ նա իմանար, և արտահայտվել է տանը, ձեր ներկայությամբ, աշխատեք զսպել ձեր բարկությունը և զայրույթը: Երեխայի վստահությունը շատ հեշտ է կորցնել, իսկ եթե նա ձեզ չվստահի, հնարավոր է այլևս տանը երբևէ չի կիսվի ձեզ հետ:

Աղբյուրը`sexeducationblog.wordpress.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее