▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ դու կայիր, աշխարհը պայծառ էր

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .

«Էսօր դարձար քսաներեք տարեկան, թեև հավերժ մնացիր տասնինը: 

Քսաներեք տարի առաջ, էսպիսի մի արևոտ կիրակի դու ծնվեցիր, ու ես մայր դարձա՝ երջանիկ մայր, ով գիտեր կյանքի իմաստն ու գինը, իմ անգին: 

Ասում են մայրը որդու առաջին սերն է, իսկ որդին՝ հատկապես միածին որդին, մոր վերջին սերն է:

Առանց քեզ, իմ սեր, ես մոլորվել եմ մութ անտառում: Ու ամեն բան պտտվում է «երբ դու կայիր»-ի ու «քեզնից հետո»-ի շուրջ. 

Երբ դու կայիր, աշխարհը պայծառ էր: Քեզնից հետո, խավար է, ու կապ չունի, թե որքան պայծառ է փայլում արևը: Երբ դու կայիր, անսահման ուրախություն էր: Քեզնից հետո՝ անվերջ ցավ է ու կարոտ: 

Քեզնից հետոն դատարկություն է. Ամեն օր ստիպված արթնանալ, շնչել, արտաշնչել, լվացվել, հագնվել, շարժվել, գործել: Գորշ ու դատարկ օրերի մի անվերջ շղթա: Բայց գիտես ինչն է սարսափելին: Էն որ, էտ գորշ օրերից մեկում ես արդեն չեմ էլ հավատում, որ մի ժամանակ ապրել եմ երջանիկ ու անհավանական լեփ-լեցուն կյանքով:  

Ասում են թե տառապանքն ազնվացնում է մարդուն, իսկ ես կասեմ տառապանքի մեջ ոչ մի վեհ ու ազնվացնող բան չկա, քանի որ դրա առանցքում հոգի մաշող հիշողությունն է, կարոտն ու ափսոսանքը:

Պաոլո Կոելիոյի «Ալքիմիկ» վեպում օազիսը նույնն էր հերոսի հեռանալուց հետո, բայց դատարկ: Ինձ համար էլ մեր քաղաքն է դատարկ ու օտար քեզնից հետո, իսկ իմ ՉԿՅԱՆՔԸ շարունակվում է, ու չգիտեմ դեռ ինչքան պիտի ձգվի էս գորշ օրերի շարանը:

Ծնունդդ շնորհավոր իմ ամենասիրուն, ամենաազնիվ ու ամենապայծառ տղա:

Ինչպես քո ծնունդով փոխեցիր ողջ կյանքս, նույնպես և քո նահատակությամբ: 

Ու թեև կողքիս չես արդեն չորս տարի, միայն քեզնով եմ ապրում իմ կենարար գանձ, հույսով, որ մի օր վերջապես կհանդիպենք ու էլ երբեք չենք բաժանվի:

Հ.Գ. 

Ես կորցրել եմ ճերմակ ձիս,

Իմ ոսկեթամբ ժառանգությունը,

Ինչպես ելնեմ այս անտառից,

Երբ կորցրել եմ, երբ կորցրել եմ,

Երբ կորցրել եմ ուղղությունս…

«Ճերմակ ձիս»»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее