Շատ բան էր սպասելի մեր իշխանություններից, բայց որ դրա ներկայացուցիչ ոմն Հայկ Բաբուխանյան հայտարարի, թե Շանթի թիկունքում արևմտյան գրանտներ են... Նույնիսկ արդեն զավեշտալի չի: Արևմտյան գրանտակերներ են ՀՀ մշակութային արժեքների համար պայքարողները, տրանսպորտի գների բարձրացման դեմ պայքարողները, խաղաղ պայմաններում բանակում սպանված զինվորների համար արդար դատավորություն պահանջողները, հանքահանության հետևանքով թունավորվող միջավայրի և մարդկանց ճակատագրով մտահոգները...Այսպիսով պետք է խոնարհվենք արևմտյան գրանտակերների առաջ: Բայց ու՞ր էր, որ նրանք գրանտներ ստանային: Հիշում եմ, դեռևս վեց տարի առաջ «գրանտակերների» շարքում թվարկում էին այն բոլոր երիտասարդներին, ում գլուխը ֆիզիկապես ջարդել էին մարտի մեկի դեպքերից հետո: Մեր իշխանությունների ներկայացուցիչներին մնում է հայտարարել, որ ղարաբաղյան պատերազմին մասնակից ազատամարտիկները նույնպես արևմտյան «գրանտակերներ» են... Ընդ որում նրանք գրանտներ ստացել են հենց պատերազմին մասնակցելու համար: Այս մարդկանց կարծիքով, հավանաբար, արևմտյան գրանտներ տրամադրողները ընտրում են մեր երկրի ճակատագրով հիրավի մտահոգներին և օգնում են նրանց՝ Հայաստան երկիրը պահելու: Այս տրամաբանությամբ շատ լավ կլիներ, եթե մեր երկրի բյուջեն բաշխվեր «արևմտյան գրանտատուների» կողմից: Բայց քանի դեռ հայկ բաբուխանյանները ՀՀ պետական բյուջեյի գրանտակերներ են /մեծ հաշվով՝ ողջ ԱԺ-ն/, և նրանց լավ հայտնի է «բյուջետային գրանտակերության» պրակտիկան, հավանաբար առաջնորդվում են իրենց փորձով: «Գրանտակերության» մեղադրանքի այս արատավոր պրակտիկան վաղուց պետք էր վերացնել: Քանի որ ՀՀ կառավարությունը թիվ մեկ «գրանտակերն» է, այսինքն՝ իրական գրանտակերն է, թերևս արժի կառավարության ճակատին գրել՝ «Պետական առևտրային կազմակերպություն: Գոյատևում է զանազան կառույցների՝ ՀԲ, ՄԱՀ, ամերիկյան և եվրոպական, այլ երկրների ու միջազգային բանկերի ֆինանսական օժանդակությամբ, գրանտների և նվիրատվությունների, ինչպես նաև ազգային հարստությունը՝ շենքերը, երկրի ընդերքը, վերգետնյա ռեսուրսները ծախելու հաշվին»:
Երբ Բաբուխանյանը հայտարարում է, թե Շանթի թիկունքում արևմտյան գրանտներ են, նույնիսկ զավեշտալի չէ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet