Արդեն տեղեկացրել ենք, որ ASEKOSE.am-ի թղթակիցն այսօր փորձել է պարզել, թե արդյոք նախքան հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ նշանակվելը Ռուբեն Ջաղինյանի հետ հանդիպած քաղաքական գործիչները և մտավորականները հետևու՞մ են հեռուստաընկերության այսօրվա որակին: Թեմայի շրջանակներում կապ հաստատեցինք Երևանի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի հետ, ով ևս հանդիպում է ունեցել Ջաղինյանի հետ:
Գրեթե ամեն օր ականատեսն ենք ցավալի մի երևույթի, գրեթե միշտ ենք խոսում լրագրողների և օլիգարխ պատգամավորների՝ հաճախակի դարձող բախումների մասին, երբ վերջիններս՝ չտիրապետելով դաստիարակության ու քաղաքավարության տարրական կանոններին՝ սովորական անտակտություն են դրսևորում:
Սակայն երբ արդեն մշակույթի ոլորտի մարդն ու մտավորական համարվողն է իրեն թույլ տալիս, մեղմ ասած, անտակտ գտնվել ու վիրավորել դիմացինին, հատկապես երբ դրա առիթը չկա, մտածելու տեղիք է տալիս:
Մեր հարցը լսելուն պես պարոն Խանդիկյանը նախ պատասխանելու համաձայնություն տվեց: Սակայն կապն ընդհատվելուց հետո, երբ կրկին զանգահարեցինք, նա փորձեց սովորեցնել, որ ձայնագրիչը միացնելուց առաջ պետք է զգուշացնել( նշենք, որ պարոն Խանդիկյանը գիտեր, որ լրագորղի հետ է խոսում, անգամ համաձայնություն էր տվել հարցին պատասխանել, այս պարագայում ձայնագրիչը միացնելը միանգամայն տեղավորվում է տրամաբանության սահմաններում), ապա նետեց, որ Հանրայինի որակը լավն է, բայց ASEKOSE.am-ին չի ցանկանում պատասխանել, քանի որ ինքը ասեկոսեի մարդ չէ ու ցերեկվա ժամը 12:00-ին մեզ բարի գիշեր մաղթեց:
Քավ լիցի, պարոն Խանդիկյան, մենք Ձեր անձով հետաքրքրված չենք, պարզապես հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդրի շուրջ մտավորականի ու մշակութային գործիչի տեսակետն էր մեզ հետաքրքրում, չնայած արդեն խիստ կասկածում ենք, թե ճիշտ հասցեով ենք դիմել: