Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանի դեմ հարուցված վեց հատորանոց քրեական գործում Վարդան Սեդրակյանին չենք գտնում,- լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն, ում խոսքով՝ նախագահի նախկին թեկնածուին դատում են մեկ անձի տված ցուցմունքով:
a1plus.am-ն է գրում այս մասին ու հիշեցնում, որ Վարդան Սեդրակյանի հետ կալանավորվել են նրա տանը աշխատող Խաչատուր Պողոսյանը եւ Սամվել Հարությունյանը: Խաչատուր Պողոսյանը, ով այս գործով, անցնում է որպես կրակող, ցուցմունքում գրել է, թե «կաֆելչիկը՝ Սամվել Հարությունյանը, նրան ասել է, թե Վարդան Սեդրակյանը ցուցում է տվել, թե Պարույր Հայրիկյանին պետք է վախեցնել»:
Պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը համոզված է, որ Վարդան Սեդրակյանի «գլխին ուզում են սարքել» եւ կասկածներ ունի, որ ՝ կրակողը՝ Խաչիկն էլ մահափորձի հետ կապ չունի:
Պաշտպանն այսօր նաև չի հերքել, որ Վարդան Սեդրակյանը Խաչատուրին եւ Սամվելին հազար ԱՄՆ դոլար է տվել, բայց ոչ թե մահափորձը կազմակերպելու, այլ իր տանը կատարած աշխատանքի համար:
Ալեքսանդր Սիրունյանի խոսքով՝ այս գործը նման է բրազիլական սերիալի սցենարի, քանի որ ըստ գործի նյութերի՝ Վարդան Սեդրակյանը նշել է, որ հանցագործությունը կատարելուց հետո նրանք «դիրխոր չեն մնա»:
Պաշտպանը նաև համոզմունք է հայտնել, որ երբ գործը հասնի եվրոպական դատարան, շատ կարճ ժամանակահատվածում բավարարվելու է, քանի որ մեղադրանքի հիմքերը բացակայում են: