«Թերևս, կյանքումս առաջին դեպքն էր, որ ես` որպես կինոգետ, ֆիլմի պրեմիերայից հետո չեմ սպասել լուսագրերին և անմիջապես միացել եմ ցուցարարներին: Իհարկե, կինոգետի կողմից այդքան էլ գեղեցիկ չէ, որովհետև պետք է համարել ֆիլմն ավարտված լուսագրերից հետո»,-Asekose.am-ին ասաց կինոգետ Սիրանույշ Գալստյանը՝ անդրադառնալով երիտասարդ կինոգործիչների քայլին, ովքեր երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ընդհատել էին Սուրեն Բաբայանի «Հողաչափիչները» ֆիլմի պրեմիերան՝ հորդորելով ներկա գտնվողներին միանալ իրենց:
Սիրանույշ Գալստյանի խոսքով՝ ինքը ողջունում է երիտասարդների քայլը.
«17 րոպե պետք է տևեր այդ կարճամետրաժ ֆիլմը, ես երիտասարդներին ասացի, որ 17 րոպեից իրենց կողքին եմ լինելու: Ես չեմ կարող անտարբեր մնալ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է, սա իմ ժողովրդի օրն է, ուղղակի բացառվում էր, որ ես այնտեղ չգտնվեի: Պարզապես ֆիլմի պրեմիերան շատ ավելի վաղ էր հայտարարված, ինչպես նաև Սուրեն Բաբայանի և վաստակը, և սցենարին նախապես ծանոթ լինելը, և թեման, ստիպում էին պրեմիերան չանտեսել և մասնակցել: Եվ, բնականաբար, և պրեմիերային ներկա եղա, և՝ ցույցին: Ինձ համար Հայաստանի վաղվա օրը մեր երիտասարդությունն է, ես 18 տարի իմ կյանքից նվիրում եմ այդ երեխաներին, վաղվա մտավորականներին: Եվ ի վերջո, եթե կինոգետի աշխատանքն եմ նախընտրել` հրաժարվելով հեռուստատեսությունում լավ վճարվող ինչ-որ բան անելուց, գտնում եմ, որ այն գիտելիքը, որը ստացել ենք գենետիկորեն, պատմությունից, մեզ համար լավ օրինակներից, պետք է էստաֆետի նման փոխանցենք, 18 տարի մաշում եմ իմ կյանքը, երիտասարդությունը հանուն երիտասարդության, ինչպե՞ս կարող էի նրանց կողքին չլինեի»:
Սիրանույշ Գալստյանը դժվարացավ պատասխանել՝ արդյո՞ք շատ արվեստագետներ երեկ հետևեցին իր օրինակին, քանի որ անմիջապես հեռացել էր դահլիճից, որովհետև իր խոսքով՝ այնտեղ իր երեխաներն են.
«Իմ ուսանողներն են, իմ երեխաներն են: Ամեն մի ծռված մազի համար մեղավորները, պատասխանատուները, նրանք, ովքեր այդ ամենի հետ կապ ունեն, չգիտեմ երկրային դատի կարժանանան, բայց վստահ եմ, որ կա երկնային դատաստան: Բոլորն Աստծո դատաստանի առաջ պատասխան են տալու՝ անմեղ երիտասարդների վրա ձեռք բարձրացնելու համար: Հավելեմ, որ պրեմիերայի պահին որևէ մեկը ցույց ընդհատող երիտասարդ կինոգործիչներին չընդհատեց և չնախատեց, շատ վատ կզգայի, որ իմ ականջին նման բան հասներ»:
Կինոգետի խոսքով՝ «Հողաչափիչները» ֆիլմի պրեմիերան շատ խորհրդանշական էր.
«Ֆիլմում երկու թուրք հայկական եկեղեցու տարածքում հողաչափությամբ են զբաղվում, բայց այդ երիտասարդների ականջին գալիս են հայերի աղոթքները: Նրանք ամենուր տեղադրել էին թուրքական դրոշներ, և հայտնվեց հրեշտակ և դրոշը վերցրեց, կոթը կոտրեց՝ դարձնելով խաչ: Ճիշտ այսօրվա երիտասարդության նման՝ ուժեղ և հաստատակամ: Իսկ մինչ խաչը, թուրք երիտասարներից ավագը մյուսին ասում է, որ շատ բաներ մի լսիր, այսինքն՝ խղճի մասին մոռացիր: Ես հուսով եմ, որ մեր ոստիկանների, բոլոր ուժերի, ովքեր կուտակվել և գործում են անզեն մարդկանց դեմ, խիղճներն այդպես չեն քնել, ինչպես Սուրեն Բաբայանի նկարագրած ֆիլմի հերոսներինը: Ես կարծում եմ, որ ֆիլմի պրեմիերայի կայացումը շատ խորհրդանշական էր, կարծում եմ, որ կունենա իր հետևանքները մեր շատ կինոգործիչների գիտակցության մեջ»:
Նույն կարծիքին չէր հենց ֆիլմի ռեժիսոր Սուրեն Բաբայանը, ով Asekose.am-ին ասաց, որ տվյալ քայլը չէր ողջունել.
«Ես չհետևեցի նրանց հորդորին, նրանք շատ կարճ ակցիա իրականացրին, այդ ամենը տևեց ընդամենը 1 րոպե, մոտեցան ինձ, ներողություն խնդրեցին՝ ասելով, որ միանանք իրենց, ինչին ի պատասխան ասացի՝ միացեք ինձ, ձայն չհանեցին և գնացին: Ես ընդհանրապես դեմ եմ այդպիսի քայլերին»:
Սուրեն Բաբայանի կարծիքով՝ երիտասարդ կինոգործիչներն իրեն դեռ մի բան էլ նուրբ են մոտեցել, սակայն, միևնույն է, արվեստը պետք չէ խառնել ցույցերի հետ և, առհասարակ, չի կարելի նման բաներ անել: Իսկ հարցին՝ արդյո՞ք կողմ է պայքարի այս տեսակին՝ ռեժիսորն ասաց հետևյալը.
«Պայքարել միշտ պետք է, սակայն այլ ուրիշ բան չեմ ասի»:
Հեղինակ՝ Ա. Գ