▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էկոլոգիական հանցագործ երկիր Ադրբեջանը համարձակվում է բնապահպանական կոչ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ

Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունն է Հայաստանի տնտեսության ներուժը և երկրի զարգացման գլխավոր ճյուղը։

Եվ, բնականաբար, Հայաստանի հանքարդյունաբերությանը խոչընդոտելը պետք է լինեև մեր թշնամիների գլխավոր նպատակներից մեկը։

Պատահական չէ թերևս, որ  Ադրբեջանի հասարակական կազմակեպությունները վերջերս  բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանի կողմից իրականացվող հանքարդյունբերական գործունեությունը, որը «խաթարում է Հարավային Կովկասում բնապահպանական կայունությունը»:

Ադրբեջանցիները մասնավորաբար կոչ են արել Հայաստանի Հանրապետությանն անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Սոթքի ոսկու հանքի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:

Տևական ժամանակ մասնագետները զգուշացնում էին, որ նմանատիպ հարցերում մեր կողմից ցանկացած անհաշվենկատ քայլ կամ հայտարարություն  կարող է քարոզչական լրացուցիչ գործիք դառնալ թշնամու համար:

Այն, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ բնապահպանական տեռոր է կիրառում , մի առիթով, հայտարարել էր  Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ  Վարդան Ջհանյանը`անդրադառնալով ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Արցախի հանքագործական ընկերությունների գործունեությանն ուղղված բողոքին։

Թշնամու կողմից բնապահպանական թեզերը Հայաստանի նկատմամբ օգտագործվելու մեջ Ջհանյանը նկատել  էր հենց հայերի մեղավորությունը։

«Երբ որ մենք ինքներս թույլ ենք տալիս, որ այդ կեղծ թեզերը անընդհատ շահարկվեն, մի օր էլ շատ ճիշտ ձևով օգտագործվելու է դա թշնամու կողմից` ինչպես Լաչինի դեպքում»,–պարզաբանել էր նա։

Հիշեցնենք՝ խոսքն այն շահարկումների մասին է , թե իբր Հայաստանում բնապահպանական առումով կատաստորֆիկ իրավիճակ է։

Իրականում, Ջհանյանի կարծիքով, ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների ու հատկապես Ադրբեջանի, Հայաստանի ու Արցախի տարածքում գործող հանքավայրերում բնապահպանական ծրագրերն իրականացվում են եվրոպական չափանիշներին համապատասխան։

«Կամ Վրատսանի օրինակը եթե դիտարկենք, Հայաստանում կա բնապահպանության նախարարություն (ՀՀ շրջակա միջավայրի նախարարւոթյուն,–խմբ.), Վրաստանում դա վարչության մակարդակի մի կառույց է։ Այսինքն` Հայաստանում այդ առումով շատ ավելի մեծ ջանքեր են ուղղված, որ բնապահպանական նորմերը պահպանվեն»,–ասել էր Ջհանյանը։

Վստահ ենք, որ ադրբեջանցիներն իրենց բնապահպանական կեղծ թեզերը շարունակելու են փորձել տարածել մեր երկրի վրա և կարծում ենք ՝ դրան դիմակայելու  հարցում պետք է խոհեմ ու միասնական լինել, մանավանդ, որ  Ադրբեջանում  , այսպես կոչված, բնապահպանական կառույցները ուղղակիորեն կապված են այդ երկրի իշխանությունների հետ և ինքնուրույն, առանց քաղաքական ենթատեքստի, որևէ քայլ չեն անում:

Պետք է թույլ չտալ, որ էկոլոգիական հանցագործ երկիր Ադրբեջանն այսուհետ համարձակվի բնապահպանական կոչ հնչեցնել Հայաստանի ուղղությամբ և այս հարցում պետք է իրենց խոսքն ասեն նաև հայ բնապահպանները, ոչ թե  առիթավորվելու թեմաներ տան թշնամում։

Հիշեցնենք նաև՝ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության օրերս արված  հայտարարությունը ադրբեջանական ՀԿ-ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ, որտեղ հստակ նշվում էր՝ անկախ սադրանքներից՝ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով միջազգային լավագուն փորձի, ոլորտի լավագույն նորարարությունների ներմուծումը Հայաստան՝ հանուն անվտանգ, կանաչ և կայուն զարգացող տարածաշրջանի, որն անհնար է առանց պատասխանատու հանքարդյունաբերության։  

Հավելենք, որ թեմայի մասին կառավարության նիստում խոսել է նաև Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով․ «Ադրբեջանի «բնապահպանական» ակտիվությունը շարունակվում է: Հիմա էլ այդ երկիրը փորձում է ՀՀ-ին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական ու ոչ պաշտոնական մակարդակով, ընդ որում, սրա համար Ադրբեջանը ՀՀ-ին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք ուրիշ բանի մասին են, հիշատակում է կոնվենցիաներ, որոնք վերաբերելի չեն»։ Փաշինյանը  հավելել է, որ ՀՀ պետական ու մասնավոր հատվածի կազմակերպություններն ի ցույց են դնում Ադրբեջանի մեղադրանքների մտացածին լինելը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее