Հարցազրույց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Երևանի ավագանու ընտրությունների ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովի հետ:
-Պարոն Շարմազանով 1990 թվականի այս օրը՝ ապրիլի 2-ին Աշոտ Նավասարդյանը հռչակեց նորանկախ Հայաստանի առաջին կուսակցության՝ Հանրապետականի ծնունդը: Այսօր ՀՀԿ-ն նախապատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին: Ձեր շանսերն այս անգամ նույնպե՞ս առաջինն են:
Հանրապետական կուսակցության հռչակելու նպատակը ու խորհուրդը՝ անկախության ջահը վառ պահելն էր: Այս կերպ ՀՀԿ հիմնադիրները նաև հաստատեցին, որ ամեն ինչ անելու են՝ Հայաստանի անկախ պետականությունը հաստատուն պահելու և հզորացնելու համար:
Անցած տարիները ցույց տվեցին, որ Հանրապետական կուսակցության ավագ սերունդը ազնվորեն ու հետևողականորեն ծառայել է Հայաստանին: Արցախյան ազատամարտի տարիներին հարյուրավոր հանրապետականներ մարտնչել են ճակատային գծում, պաշտպանել են մեր երկրի սահմանները, իսկ խաղաղության պայմաններում ակտիվորեն մասնակցել են Հայոց պետության շինարարությանը, ծառայել են հայրենիքի հզորացմանը:
Երևանի ավագանու ընտրություններին Հանրապետականը մասնակցելու է Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Մեր թեկնածուն ընտրությունների է գնում պարզ ճակատով եւ իրականացրած աշխատանքով: Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները մեզ համար մրցույթ չէ, այլ աշխատանքի նոր փուլ սկսելու հնարավորություն: Իսկ թե որ քաղաքական ուժը կստանա այդ հնարավորությունը, կորոշեն եր¨անցիները իրենց քվեարկությամբ: Անցած տարիները մեզ հույս են տալիս, որ Հանրապետականի շանսերն առավել են, քանի որ Տարոն Մարգարյանը ապացուցել է, որ ի զորու է լավագույնս ծառայել Երևանին եւ երեւանցիներին: Իհարկե, այսօր էլ մայրաքաղաքում կան չլուծված բազում խնդիրներ, բայց կարծում եմ, մեր ընդդիմախոսները գիտակցում են, որ Երևանը վերջին տարիներին փոխվում է դեպի լավը:
-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ի տարբերություն նախագահականի, «Սկսենք Երևանից» կարգախոսով մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին և առաջին տեղը գրավելու ակնհայտ հավակնություններ է դրսևորում: Ըստ Ձեզ, այս հավակնություններն արդարացվա՞ծ են:
ԲՀԿ-ի «Սկսենք Երևանից» կարգախոսը և «գնում ենք հաղթելու» կոչերը ոչ միայն տարօրինակ են, այլ նաև տարակուսելի: Ցանկացած քաղաքակիրթ երկրում եթե մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունը ոչ միայն չի մասնակցում նախագահական ընտրություններին, այլ ընդհատակ է անցնում եւ չի ուղղորդում իր ընտրածանգվածին, նշանակում է, որ տվյալ ուժը ապագայում լուրջ խնդիրներ կարող է ունենալ: ԲՀԿ-ն երեք ամիս քաղաքական «խաղից դուրս» վիճակում էր: Սա փաստ է: Իսկ հիմա՝ հանկարծ արթնանում են ու ոչ միայն ցանկանում են խաղի մեջ մտնել, այլ նաև հայտարարում են, թե «պետք է հաղթենք»: Աբսուրդ է, երբ կուսակցությունը իր ընտրազանգվածին, համակիրներին հուսախաբ է անում պետության ամենակարևոր քաղաքական միջոցառման՝ նախագահական ընտրությունների ժամանակ, բայց հավակնում է հաջողության հասնել մայրաքաղաքային ընտրությունների ժամանակ: Սա ընդամենը քաղաքական անհեթեթություն է:
Ի՞նչն են ուզում Երևանից սկսել, երբ նախորդ չորս տարիներին ու հիմա խմբակցություն ունեն Երևանի ավագանիում: ԲՀԿ ավագանու խմբակցությունը հիմնականում կողմ է քվեարկել ավագանու ընդունած որոշումներին, քվեարկությամբ ընդունել է ևավագանու ներկայացրած բյուջեի ծրագիրը, և այդ ծրագրի կատարողական հաշվետվությունը: Ինչո՞ւ Աբովյանում, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի մարզերում, մի քանի նախարարություններում, որոնց ղեկավարները ԲՀԿ-ականներ էին, ոչինչ չսկսեցին ու չփոխեցին: Այս հայտարարությունները դասական դեմագոգիա են: Եվ ի վերջո պետք է նշեմ, որ ի տարբերություն որոշ ուժերի մեր նպատակը Երևանի ու երևանցիների վրա իշխելը չէ, այլ՝ հանուն Երևանի աշախտելն ու երևանցիներին ծառայելը:
-Նախագահական ընտրություններին չմասնակցեց նա¨ ՀՅԴ-ն: Դուք Դաշնակցության ու ԲՀԿ-ի բոյկոտի միջ¨ էական տարբերություն տեսնո՞ւմ եք:
ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի քաղաքական կեցվածքները նախագահական ընտրությունների ժամանակ միանգամայն տարբեր էին: Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՅԴ-ն թեև նախագահի թեկնածու չառաջադրեց, բայց նա¨ ընդհատակ չանցավ ու միանգամայն հստակ ուղղորդեց իր ընտրազանգվածին:
Մենք ողջունում ենք արդար մրցակցությունը եւ այդ մրցակցության ընթացքում չենք առաջնորդվելու ընդդեմ գաղափարախոսությամբ, այլ առաջնորդվելու ենք հանուն ավելի լավ Երեւան ունենալու գաղափարով:
Հուսով եմ, որ մայիսի 5-ին երևանցիները կշռադատված ընտրություն են կատարելու և իրենց քվեն տալու են այն ուժին, որն արդեն ապացուցել է, որ առավել լավ կարող է կազմակերպել ու ղեկավարել մայրաքաղաքային տնտեսության աշխատանքը: