Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով կարգապահական վարույթ հարուցել Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Հայկ Հակոբյանին: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը.
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 9-ին ՝ առավոտյան, քննիչ Հայկ Հակոբյանի կողմից Վարդան Պետրոսյանի հարցաքննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով: Նախորդ երեկոյան զանգահարել են դերասանի փաստաբանին՝ նշելով, որ մոռացել են ծանուցում ներկայացնել և բանավոր խնդրել են ժամը 12:00-ին լինել Վարդան Պետրոսյանի մոտ, որպեսզի նրան հարցաքննեն:
Սակայն, քննիչը, պայմանավորվածությունը խախտելով, առավոտյան ժամը 10-ին մտել է Վարդան Պետրոսյանի սենյակ և սկսել է քննչական գործողություն կատարել:
Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝
«Վարդան Պետրոսյանը դիմել է քննիչին՝ հարցնելով, թե որտե՞ղ է իր պաշտպանը և թե ինչու՞են առանց պաշտպանի կատարում քննչական գործողությունը: Հակոբյանը հայտնել է, թե իբր ես խաշ ուտելու եմ գնացել, այդ պատճառով չեմ ներկայացել: Ապա առաջարկել է մեկ այլ պաշտպանի հրավիրել: Նախ՝ դա իրականությանը չի համապատասխանում: Ինձ երբևիցե ոչ ոք չի ծանուցել: Ես խաշ ուտելու չեմ գնացել: Իսկ քննիչի քայլերը օրենքի կոպիտ խախտում ենք համարում»:
Փաստաբանի նշած հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ Վարդան Պետրոսյանը դեռ հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ՝ առողջական վիճակից ելնելով, քննիչը հայտարարություն է արել, թե «դեռասանը մեյմունություն է անում»:
«Այս երկու փաստերը ներառյալ ներկայացրել ենք ոստիկանությանը և խնդրել կարգապահական վարույթ հարուցել քննիչի նկատմամբ»,- հավելեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում, ինչի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Իսկ «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից` հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Օրեր առաջ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում որոշվեց բավարարել ոստիկանության միջնորդությունը՝ դերսան Վարդան Պետրոսյանին կալանավորելու մասին, ինչը հանրության շրջանում բողոքի առիթ դարձավ:
Վարդան Պետրոսյանի փաստաբանը նախօրեին բողոքարկման դիմում է հանձնել Վերաքննիչ դատարան:
Հիշեցնենք, որ այսօր թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով.
ԵԹԵ եռօրյա ժամկետում Վարդան Պետրոսյանի քննիչը հրապարակավ ներողություն չխնդրի ԴԵՌԱՍԱՆ բառն օգտագործելու համար, ապա ստիպված կլինեմ ես՝ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության քարտուղարս, պատվի և արժանապատվության ոտնահարման, մասնագիտական վարկանիշին վնաս հասցնելու, գործարար համբավն արատավորելու հատկանիշներով՝ դիմել դատարան...
Ես այս գրությունն այսօր ուղարկել եմ ՀՀ Ոստիկանության Կոտայքի բաժին և Կոտայքի դատախազին...
Սպասում եմ արձագանքի...
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան