Կարեն Կարպետյանն այսօր ծանոթացել է «ԱրմՊրոդԷքսպո» ամենամյա գյուղատնտեսական ցուցահանդեսին ներկայացված արտադրանքին:
Ցուցահանդեսի մասնակիցների մեկը պատանի է եղել, ով մշակել է բույսերը կաթիլային համակարգով մշակելու ծրագիր, ինչը վարչապետին ոգևորել է ու ստիպել ասել իր հայտնի խոսքերը՝ «դացայ, հուպ տուր...»:
Նշենք, որ «ԱրմՊրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսին մասնակցում են գյուղատնտեսական մթերք վերամշակող ընկերություններ Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Ցուցահանդեսին ներկա էր նաև Վրաստանի գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:
Կառավարության ղեկավարը շրջել է տաղավարներով, ծանոթացել ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացրած ապրանքատեսականիին, արտադրական, իրացման և արտահանման ծավալներին, ինչպես նաև զարգացման ծրագրերին: «ԱրմՊրոդԷքսպո»-ի բացօթյա ցուցադրության հատվածում վարչապետին են ներկայացվել գյուղատնտեսական տեխնիկայի, ինտենսիվ այգիների և կաթիլային ոռոգման համակարգերի հնարավորությունները: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է նաև ֆերմերային տնտեսությունների հետ տարվող աշխատանքներով՝ կարևորելով ֆերմերների վերապատրաստման ուղղությամբ շարունակական քայլերի իրականացումը:
Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ այս տարի «ԱրմՊրոդԷքսպո»-ն իրենից ներկայացնում է որակապես նոր ցուցահանդես՝ բիզնես տրամաբանությամբ և կոնկրետ արդյունքների արձանագրմամբ: Տաղավարներով շրջայցի ընթացքում վարչապետ Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտի ընկերությունների գործունեությունը և նշել, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ընդլայնման ծրագրերին:
«ԱրմպրոդԷքսպո» մասնագիտացված ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել գյուղատնտեսական արտադրության և հումք վերամշակող արդյունաբերության հնարավորությունները, հաստատել գործարար կապեր և խթանել արտահանումը: 2017 թ. ցուցահանդեսին մասնակցում է գյուղատնտեսական մթերք վերամշակող, ագրարային ոլորտն սպասարկող և ծառայություններ մատուցող 110 կազմակերպություն: