«Մայիսի 20-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ տեղի ունեցած մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչպես հայտնի է, քննում էր ՀՀ քննչական կոմիտեն: Պարզվում է՝ հունիսի կեսերին ՀՀ գլխավոր դատախազությունը քննչական կոմիտեից պահանջել է մարզպետի դեմ կատարված մահափորձի գործը` նյութերին ծանոթանալու համար:
Եվ, ահա, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ դատախազությունում որոշել են Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործը չվերադարձնել քննչական կոմիտե, այլ այն ուղարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ հետագա նախաքննությունը շարունակելու համար: Թե ինչու է նման որոշում կայացվել, դժվար է ասել, քանի որ դատախազությունից պաշտոնապես հրաժարվեցին մեկնաբանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը: Ինչպես հայտնի է՝ շատ շրջանակներ, այդ թվում և իրավապահ համակարգում չեն հավատում մարզպետ Խաչատրյանի մահափորձին: Տեսնենք՝ ԱԱԾ-ում հավատացողներ կլինեն»,–գրում է թերթը։