nrnak.com-ը գրում է, որ ՀՀ արդարադատության նախարարության ու քննչական ծառայության անհիմն գործունեությունների արդյունքում շատերն են կործանել իրենց ճակատագրերը։
2012 թվակականի օգոստոսի 31–ին Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցում տեղի ունեցած դժբախտ պատահարի արդյունքում մահացավ Գոհարիկ Ավալյանը, իսկ վրաերթի ենթարկած անբուժելի հիվանդությամբ տառապող վարորդ Արտակ Ավդալյանն առաջին ատյանի դատարանի որոշմամբ դատապարտվեց երկու տարվա ազատազրկման։
Դեռ գործի նախաքննությունից սկսած` դեպքերի հակասական և կողմնակալ դասավորվածությունը թեքվեց Ա.Ավդալյանի դեմ։ Նախ հարկ ենք համարում նշել, որ օդերևութաբանական կենտրոնի կողմից հաստատված անձրևային եղանակային պայմանները քննիչ Աշոտ Ասատուրյանի գործունեության արդյունքում կասկածի տակ է առնվել։ Իսկ տեղումների արհեստական հերքումը բեկումնային փոփոխության ենթարկեց դատավարության ընթացքը։ Արդյունքում առաջին ատյանի դատարանը Ա. Ավդալյանին դատապարտեց երկու տարվա ազատազրկման:
Արտակ Ավդալյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը, ով հանրությանը հայտնի է Վարդան Պետրոսյանի գործով (տուժող կողմի պաշտպան), բողոքարկեց վերաքննիչ դատարան. վերաքննիչ դատարանը նոր դատավարություն նշանակեց:
Ինչպես արդեն նշել էինք Արտակ Ավդալյանը տառապում է անբուժելի հիվանդությամբ, նրա երկու երիկամները չեն գործում և օրգանիզմում առկա է 16 լիտր ջուր, որը շնչահեղձություն է առաջացնում: Մինչ դժբախ պատահարը Ա.Ավդալյանը մի քանի անգամ բուժում է ստացել Եվրոպայում: Ըստ փաստաբան Բալոյանի, այս պահին Արտակ Ավդալյանին անհրաժեշտ է բժշկական միջամտություն, քանի որ նրա կյանքը վտանգի տակ է: Դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ Ռուբեն Բալոյանը դիմեց դատարանին և անգամ գործով դատախազը անհրաժեշտություն համարեց դատաբժկական փորձաքննություն նշանակել, բայց դատավոր Մ.Մելքոնյանը կասկածելի պայմաններում մերժեց միջնորդությունը՝ ոչ մի հիմնավոր պատճառաբանում չտալով:
Այս պահին դատավարությունը ընթացքի մեջ է և հուսով ենք մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզ կդառնա, թե ինչու է դատարանը նման կողմնապահությամբ մոտենում այս գործին: