Օրեր առաջ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունեցել «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Մասիս Հունանյանի մենահամերգը: Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ երգիչն ասաց, որ իր համար ընդամենը 20 տարեկանում մենահամերգ ունենալը բավական ռիսկային էր.
«Ինքս իմ առաջ նման խնդիր էի դրել, որ պետք է մինչև 20 տարեկանը մենահամերգ ունենամ: Ինձ և իմ վարպետին` Մխիթար Քեթցյանին, նախքան մենահամերգը հաճախ էին հարցնում, թե արդյո՞ք այն ինձ համար բեռ չի լինի, սակայն եթե այս տարիքում կարողացա դա հաղթահարել, ուրեմն 4-5 տարի անց նոր մտքեր կկարողանամ իրականացնել»:
Մասիսի խոսքերով` մենահամերգից բոլոր սպասելիքներն իրականացել են.
«Հանդիսատեսը շատ ջերմ էր: Երբ հնչում էին մայրերին նվիրված երգեր, դահլիճում քչեր էին, որ հուզված չէին: Դա հնարավոր չէր չնկատել: Ընդհանուր առմամբ` ներկայացրել եմ ուրախ ժողովրդական երգեր, քանի որ մարդկանց մոտ կարծիք կա, որ ժողովրդական երգերը միայն տխուր են լինում, և երբ ուրախ երգեր են լսում, մտածում են, որ դրանք այլ ոճի մեջ են: Հնչել են աշուղական կատարումներ, ինչպես նաև 70-ական թվականների էստրադային երգեր»:
Նշենք, որ մենահամերգի հանդիսավարն էր Գրիշա Աղախանյանը, իսկ Ալլա Լևոնյանը և Արսեն Գրիգորյանը եղել են հատուկ հյուրերի կարգավիճակում.
«Ալլա Լևոնյանի հետ մենք համագործակցում ենք դեռ ժողովրդական երգիչ նախագծից, իսկ Արսեն Գրիգորյանի և վարպետիս հետ միասին ներկայացրել ենք «Հորովել» երգը»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան