▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դադարեցնել հանցավոր ծրագրի ֆինանսավորումը. Գնդեվազցիների բողոքը Համաշխարհային բանկին

«Համաշխարհային բանկի Պարտականությունների կատարման գծով

խորհրդականի/ Օմբուդսմենի ապարատին (САО)

ՀՀ Վայոց ձոր մարզի Գնդեվազ գյուղի բնակիչներից

Դիմում-բողոք

 

Նկատի առնելով ոսկու արդունահանման, առավել ևս բաց եղանակով արդյունահանման և ցիանային հարթակի բացասական վտանգները շրջակա միջավայրի և տեղի բնակչության` հանձինս Գնդեվազ գյուղի համայնքի վրա` ՀՀ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի բնակիչները դիմում են  CAO-ին հետևյալ բողոքով: Մենք՝ Գնդեվազ գյուղի բնակիչներս, բազմիցս  արձանագրել ենք  Ամուլսարի հանքավայրի հետախուզական աշխատանքների բացասական հետևանքները.

- մեր գյուղատնտեսական  ապրանքները դժվարությամբ են իրացվում շուկայում,

-անասունները Ամուլսարի ազդեցության գոտուց բերված անասնակերը չեն ուտում,

-Գնդեվազում կայացած հանրային լսումների ժամանակ Ամուլսարի հանքավայրի շահագործման  դեմ  կարծիքները չեն արձանագրվում,

-միջազգային նորմերին չհամապատասխանող, երկու կիլոմետր հեռավորության վրա նախագծով կառուցվող  ցիանային հարթակը իր կործանարար ու մահաբեր հետեւանքները կունենա թե Գնդեվազի շրջակա միջավայրի, և թե Գնդեվազի բնակչության վրա:

Մենք՝ Գնդեվազ գյուղից Ամուլսարի հանքավայրում աշխատողներս, արդեն իսկ տուժել ենք հանքավայրում աշխատելու ընթացքում` չստանալով համապատասխան բժշկական օգնություն և հետազոտություն:

«Գեոթիմ» կազմակերպությունը մանիպուլիացիայի է ենթարկում գնդեվազցիներին՝ ասելով, որ իրենց հողատարածքները կգնահատվեն շատ բարձր գներով, վաճառքից ստացված գումարով կկարողանան գնել բնակարան Երևանում և հանրապետության այլ տարածքներում և կտեղահանվեն:

Գեոթիմ կազմակերպությունը  իր գործը առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու ցանկացած միջոց, այդ թվում հավաքում է գյուղացիների հողերի սեփականության վկայականները, իբր չափագրումները իրականացնելու համար, բայց վերջինս խաբկանք է և նպատակն ակնհայտ է:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում պայթեցումներ կատարելու հետևանքով ծանր մետաղների փոշին կտարածվի գյուղի արոտավայրերի, խոտհարքերի, արտերի, ինչպես նաև գյուղի բնակելի տարածքի վրա: Անկախ փորձագետների հավաստմամբ կբարձրանա ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:

Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC և EBRD-ի հովանավորչությամբ: Գեոթիմ կազմակերպությունը ոչ իրավական ճանապարհով է հարցերը լուծում և այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքել, կամ ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այս մանիպուլյացիայի զոհերը:

Մենք՝ Գնդեվազ գյուղի ներքոստորագրող բնակիչներս, կտրականապես դեմ ենք  Ամուլսարի հանքավայրի շահագործմանը և Գնդեվազի հարակից տարածքում ցիանային հարթակի կառուցմանը:

Մենք պահանջում ենք  IFC-ից դադարեցնել այս հանցավոր  ծրագրի ֆինանսավորումը, քանի որ այն մեծ վտանգներ է  պարունակում Գնդեվազի բնակչության համար:   Մենք պահանջում ենք հաշվի առնել մեր կարծիքը և չխախտել մեր իրավունքները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее