«Թեհրանում բանակցությունները սկսվել և հաջողությամբ ընթանում են: Այս քայլը Իրանի ուղերձն է տարածաշրջանի երկրներին, որը հիշեցնում է, որ որևէ խնդիր առանց Իրանի կարծիքի չի անցնի. ուզում է Հայաստանը լինի, Ադրբեջանը, թե Վրաստանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի և Իրանի միջև Հորադիզ-Ասլանդյուզ անցակետի բացմանը` ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` հավելելով, որ Իրանը հիշեցնում է. Անդրկովկասն իր շահերի ոլորտն է:
Ինչ վերաբերում է Հորադիզ-Ասլանդյուզ անցակետի բացմանը` քաղաքագետը նշեց.
«Դա հակամարտության գոտի է, անցակետ բացելն անիմաստ է: 1993թ. կատարվել է երկու օպերացիա. Առաջին` սահմանը բացվել է փախչող բնակչության համար, երկրորդ դեպքում այդ սահմանը բացվեց և մեր զորքերը ստիպված եղան նահանջել Հորադիզ երկաթգծային կայարանից, որը ռազմական մեծ նշանակություն ուներ: Իրանը նույն թվականին զորախումբ մտցրեց Նախիջևանի տարածք. ոչ մի երկրից ձայն չհանեցին. Ոչ ԱՄՆ-ն, ոչ ՌԴ-ն, ոչ Հայաստանը և ոչ էլ Ադրբեջանը»:
Քաղաքագետի խոսքով Իրանն արևելյան ձևով գործող պետություն է` գալիս է ժպիտով և հետո հարվածում այնտեղ, որտեղ պետք է:
«Իսկ մենք այն վիճակում չենք, որ ասենք աշխարհի որևէ պետություն անհանգստանա` ասելով, թե լավ, Իրանը չկա, իսկ Հայաստանը կա»,-եզրափակեց Սերգեյ Շաքարյանցը:
Անի Կարապետյան