«Տակից տալ» արտահայտությունը մարզկենտրոն Կապանում խորհրդային ժամանակներից է մնացել: Այն լսելիս ավագ սերունդը ժպիտով է հիշում կյանքի անցած ժամանակահատվածը, խանութների դատարկ տաղավարներն ու ապրանքների դեֆիցիտը: Երբեմն էլ զարմանում, թե ինչպես էին ապրում եւ անչափ ուրախանում չճարվող ապրանքի ձեռքբերմամբ: Այս օրերին էլ նմանատիպ ժպիտ է հայտնվում մարդկանց դեմքին, երբ լսում են, որ խանութում ձու կա:
Լսածիս չհավատացի եւ իբրեւ հումար ընդունեցի այն լուրերը, որ Կապանի մի շարք խանութներում ձուն «տակից» են վաճառում: Այսինքն, եթե վաճառողին ծանոթ չես կամ դեմքդ նրա մոտ չի տպավորվել, ապա չես կարող ձու ձեռք բերել:
Խանութներում շրջելու արդյունքում տաղավարներում ձու չտեսնելով, երբ սկսեցի հարցուփորձ անել, պարզվեց, որ, իսկապես, «խորհրդային ավանդույթները» վերադարձել են: Խանութներից մեկում, որտեղից երբեմն գնումներ եմ կատարում, վաճառողը՝ խորամանկ ժպիտը դեմքին, հետաքրքրվեց, թե խանութի տաղավարի բացակայող ձվից քանի՞ հատ եմ ուզում...
Սուպերմարկետներից մեկում հավկիթի համար նախատեսված հատվածը երկար ժամանակ է՝ արդեն դատարկ է, ու նախկին ութսունհինգ դրամ գնապիտակն էլ դեռ մնում էր: Վաճառողուհին անմիջապես փորձեց այն հանել՝ պատճառաբանելով, թե հիմա այն թանկացել է: Դեռ չեն ստացել, չգիտեն, երբ կստանան, ստանալուց հետո էլ 90 դրամով են վաճառելու:
Առեւտրի ոչ մի կետում այդպես էլ չկարողացան ստույգ պատասխանել, թե ձվի շուկայում ինչո՞ւ է դեֆիցիտ առաջացել:
Ձու չկա նաեւ շուկայում, որտեղ նախկինում ամեն քայլափոխին` բանջարեղենների կողքին, կարելի էր հանդիպել տնական հավկիթների: Շուկայում տնական ձու չի վաճառվում արդեն մոտ երկու ամիս: «Այսօր արդեն խնդրում ենք, որ բերեն, նույնիսկ հարյուր քսանով վաճառենք, բայց տնական ձվի երես չենք տեսել: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ են բերել»,- ասաց շուկայի առեւտրական կանանցից մեկը:
Ձվի բացակայությունը նաեւ քաղաքական կատակների առիթ է դարձել: Մսավաճառներից մեկը, ով նախկինում նաեւ տնական ձու էր վաճառում, կատակով նկատեց. «Հավերը «տորմուզ» են տվել, ձու չեն ածում, որովհետեւ դեմ են ներկայիս քաղաքականությանը»:
Մսի խանութներից մեկում նոյեմբերի յոթի արտադրության միջին չափի ձուն արկղերով գետնին դրված վաճառվում էր հատը ութսուն դրամով: «Այստեղ երբեւէ ձու չի վաճառվել, վերջին շրջանում սա երկրորդ անգամն է, որ ձու ենք ստանում: Լուսակերտի ձու է, ստացել ենք, ես էլ վաճառում եմ»,- ասաց կինը:
Թե ինչքան կշարունակվի ձվի դեֆիցիտը, ոչ ոք չգիտի: Ոմանք ասում են՝ սրանից հետո շաբաթական երկու անգամ են ստանալու, այն էլ՝ սահմանափակ թվով, իսկ մյուսներն էլ հրաժարվում են կանխատեսումներ անել:
Հեղինակ` ՀԵՐՄԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կապան
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում