Մի քանի օր է` Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչներն ահազանգում են Հրազդան գետում տեղի ունեցող բնապահպանական լուրջ խնդրի մասին:
«Ժողովուրդ»-ի թղթակիցն այցելելով Ջրառատ, Հրազդան գետի այդ հատվածում ականատես եղավ կողակ ձկնատեսակի զանգվածային ոչնչացմանը: Տեղացիների պնդմամբ, ձկների սատկելու մեղավորը Հրազդանի ՋԷԿ-ն է: Երկու-երեք ամիսը մեկ ՋԷԿ-ում խողովակների ֆիլտրացում է արվում շոլոջ տեսակի թունավոր նյութով, որն էլ հետո լցնում են գետ:Ամեն անգամ ֆիլտրացումից հետո գետի գույնը մգանում է եւ ջրի երեսին են հայտնվում սատկած ձկները:Հենց այս ջուրն են խմում նաեւ գյուղացիների անասունները, ինչպես նաեւ դրանով են բնակիչները ոռոգում բանջարաբոստանային մշակաբույսերը: Բնակիչների խոսքերով՝ ՋԷԿ-ը չի ընդունում մեղքի իր բաժինը:Դիմելով «Ժողովուրդ»-ին՝ բնակիչները պահանջում են հարցը բարձրացնել հանրային մակարդակով, հրավիրել փորձագետների, փորձաքննություններ կատարել` համոզվելու՝ արդյոք գործարանի արտանետած քիմիկատն է գետի աղտոտման պատճառը: Եթե իրենց կասկածներն արդարացվեն, ՋԷԿ-ի ղեկավարությունը պետք է անհապաղ պատասխանատվություն կրի: Փորձեցինք անձամբ կապվել ՋԷԿ-ի տնօրինության հետ՝ ստեղծված իրավիճակից բացատրություն ստանալու նպատակով, ինչը, սակայն, մեզ այդպես էլ չհաջողվեց:Գործարանի քարտուղարության բաժնից մեր հեռախոսազանգին չպատասխանեցին, իսկ գլխավոր ինժեներն անջատում էր հեռախոսը:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում