RICH համակարգչային խանութ սրահը չի դադարում զարմացնել իր հաճախորդների հանդեպ ցինիկ վերաբերմունքով:Այս մասին ահազանգում է Asekose.am-ի ընթերցողներից Մարգարիտա Մնացականյանն ու նշում, որ RICH համակարգչային խանութ սրահում մոտ մեկ տարի առաջ առանց կանխավճարի ու միայն անձնագրով ապառիկի տրամադրումն էր, որին և իրենք խաբվել են ու գնել հեռուստացույց` իհարկե կանխավճարով և բանկային եռուզեռով, որի հետ որպես «նվեր» տվել են էկրանը մաքրող հեղուկ:
«Էկրան մաքրող հեղուկն օգտագործել ենք և նոթբուքի և համակարգչի և թե հեռախոսների էկրանները մաքրելու համար ու օգտագործում ենք մինչ օրս, բացի RICH-ի վաճառած հեռուստացույցից, որը անհասկանալի պատճառով երրորդ անգամ մաքրելուց հետո այլևս չաշխատեց, ու հետո խանութի սերվիս կենտրոնում պարզվեց, որ հեռուստացույցը չի աշխատում մեր մեղքով, քանի որ այն մաքրել ենք իրենց տրամադրած մաքրող հեղուկով, բավականին երկար ժամանակ ներվեր և ժամանակ վատնելուց հետո, երբ վերջնականապես պարզվեց որ RICH-ը չի պատրաստվում վերանորոգել կամ փոխել իր կողմից վաճառված անորակ ապրանքը, որը ի դեպ արժե 425. 000 դրամ, ստիպված դիմել ենք ՀՀ դատական համակարգի օգնությանը: Առաջին դատական նիստի ժամանակ հոկտեմբերի 16-ին RICH-ի իրավաբանն, ի զարմանս ինձ հայտարարեց, որ իրենք չեն տրամադրում մաքրող հեղուկ,սակայն , բարեբախտաբար, ունենք ապացույցներ»,-նշում է Մարգարիտա Մնացականյանը:
Հաջորդ դատական նիստը կայանալու է այսօր Կենտրոն Նորք-Մարաշ դատարանում:
Ի դեպ, RICH համակարգչային խանութ սրահի պատասխանատուի հետ կապվելու Asekose.am-ի փորձերն ապարդյուն անցան, սակայն մենք պատրաստ ենք լսել նաև նրանց կարծիքը:
Հիշեցնենք, որ «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերությունը (որին պատկանում է Rich Computers համակարգչային խանութ-սրահը) այս տարվա հունիսին տուգանվել է Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից (ՏՄՊՊՀ) ` անբարեխիղճ մրցակցության համար`տարեկան հասույթի 1%-ի չափով:
Էյջ-Թի Էլեքտրոնիքս ընկերության հանդեպ վարույթը նախաձեռնվել էր մամուլի հրապարակումների հիման վրա, որոնց համաձայն ընկերությունն իրականությանը չհամապատասխանող գովազդի միջոցով մոլորեցրել է սպառողներին: Էյջ-Թի Էլեքտրոնիքսը հեռուստատեսությամբ ներկայացրել է գովազդ, ըստ որի միայն անձնագրով եւ սոցիալական քարտով կարելի է ապառիկ կերպով ձեռքբերել համակարգիչ, սակայն, հանձնաժողովի դիտարկման արդյունքում հաստատվել է, որ երբ քաղաքացիներն այցելում են խանութ, նրանցից պահանջում են նաեւ աշխատանքի վայրից տեղեկանք, վարկային պատմություն եւ այլն: