▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեզ սիստեմատիկ ստիպեցին ամաչել ձեր հայ լինելուց». Ռուբեն Մխիթարյան

Ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դուք գիտե՞ք, թե քա՞նի հայ երբևիցե հագել է ազգային տարազ: Իսկ քանի՞սը ունեն իրենց սեփական ազգային տարազը: Այն տարազը, որը 100-200 տարի առաջ հագել են իր մշեցի, սասունցի, վանեցի, ղարսեցի ու գյումրեցի պապերն ու ապուպապերը...
Ձեզ սիստեմատիկ ստիպեցին ամաչել ձեր հայ լինելուց: Ձեզ ստիպեցին ամաչել ձեր պապերի հագուստից, դրանք դարձնելով ծիծաղի առարկա: Ձեզ ստիպեցին ձեր պապերի ու տատերի պատմությունների վրա ծիծաղել ու վերագրել դրանք ծերացած մարդկանց ցնդաբանությունների, այն դեպքում, երբ ԷՐԳԻՐԸ կա... Իրական է... Ձեզ ստիպեցին ձեր երեխաներին քնեցնել յութուբյան հիմար երգերի ներքո, որովհետև «Արի իմ սոխակը» իրենից վտանգ էր ներկայացնում: Երգի վերջում միշտ գալիս էր բազեն ու երեխային պատրաստում էր պատերազմի... Ու ճիշտ էր անում...
Ձեզ ստիպեցին, իսկ դուք չդիմադրեցիք... Որովհետև ձեզ պատերազմով այնքան էին վախեցրել, որ հանուն խաղաղության դուք պատրաստ էիք ամեն բանի... իսկ հիմա ի՞նչ է... Խաղաղություն, թե՞ պատերազմ... Ձեզ ինչպե՞ս է ձեռք տալիս... Եթե թշնամին կրակում ու սպանում է քո զինվորին, սպանում է ամեն օր, ապա դա ի՞նչ է...
Ազգայինի մասին պատկերացումները չպետք է սկսվեն ու ավարտվեն կենացներով... Զինվորի կենացը խմելով, զինվորին ավելի ուժեղ չես դարձնում... Լենինականի նկարները քո Վիտեբսկի տան պատերին խփելով՝ ավելի լեննականցի չես դառնում... Չէ՞ որ դու Վիտեբսկ ես գնացել միայն նրա համար, որ որդիդ չծառայի հայկական բանակում... Էլ քա՞նի կոպեկ արժի Վիտեբսկի ռեստորաններից մեկում հայոց բանակի զինվորի մասին քո հոտնկայս կենաց խմելը... Հավատա, գրոշի արժեք չունի...
Դուք հեռացել եք ձեզանից... Եկեղեցուց, գերեզմանից, խղճից... Բայց պետք է ինչ որ մի բանից սկսել: Պետք է վերադառնալ: Պետք է արթնանալ ու հիշել այն ամենը, հանուն ինչի ապրում ու մահանում էին մեր հայրերն ու եղբայրները: Գլոբալիզացիան մեզ չի կործանի, եթե մենք ինքներս չորոշենք, որ այլևս որպես ազգ պետք է մահանանք: Իսկ ես ուզում եմ, որ դուք ապրեք... Ես ուզում եմ, որ մենք ապրենք... Ես գիտեմ, որ մենք ապրելու ենք... Անպայման:
Հ.Գ. Սա իմ սեփական հագուստն է: Հագնում եմ տարին մի քանի անգամ: Ես չեմ ամաչում ոչ իմ բարբառից, ոչ տարազից, ոչ քաղքից, ոչ պատմությունից, ոչ մի բանից: Հակառակը: Ես ամաչեցնում եմ...
Վերադարձեք... Էս հողի վրա լինելով, դուք հեռացել եք էս հողից... Վերադարձեք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее