▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեխովի դպրոցի տնօրենի հայցը մերժվեց. «Ժողովուրդ»

Շուրջ մեկ տարի ընթացող քննությունից հետո Երեւանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրենի եւ աշակերտներից մեկի մոր միջեւ տեղի ունեցած  հայտնի ծեծը դատարանում ստացավ իր հանգուցալուծումը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը եւ դպրոցի աշակերտուհի Լիդիայի՝ ծեծի ենթարկված մայրիկ Նատալյա Սարգսյանը պարտվել են:

 

«Ժողովուրդ»-ը 2013թ. ապրիլի 23-ին գրել էր, որ Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի էր ենթարկել աշակերտուհի Լիդիայի մորը` Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել էր տուն: Աշակերտուհու մայրը` Նատալյան, եկել էր դպրոց՝ տնօրենից բացատրություն պահանջելու, ինչի արդյունքում՝ տնօրենի եւ ծնողի միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Աշակերտուհու մայրը դիմել էր ոստիկանություն, սակայն որեւէ արդյունքի չհասնելով՝ 2013թ. հունիսին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Նատալյան դատարանում հայտնել էր, որ Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը, հանդիսանալով կրթական հաստատության ղեկավարը, երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվելու փոխարեն մանկավարժին ոչ վայել պահվածք է դրսեւորել, ինչի հետեւանքով խախտել է նրա եւ նրա երեխայի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները եւ ազատությունները: Ուստի դպրոցի՝ արդեն նախկին աշակերտուհու մայր Նատալյան դատարանից պահանջել էր, որ պարտավորեցնեն դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանին իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար հրապարակային ներողություն խնդրի եւ 1.000.000 դրամ  վճարի:

Հակընդդեմ հայցով դատարան էր դիմել նաեւ Չեխովի անվան N 55 դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը` պահանջելով Նատալյա Սարգսյանից իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքել, հրապարակավ ներողություն խնդրել: Շուրջ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը վճռել է Նատալյա Սարգսյանի հայցն ընդդեմ Գայանե Սարուխանյանի մերժել: Ի դեպ, դատարանը նույն կերպ էր վարվել նաեւ դպրոցի տնօրենի՝ Գայանե Սարուխանյանի դեպքում: Ասել է թե՝ նրա հակընդդեմ հայցը եւս մերժել է: Արդյունքում դպրոցի տնօրենն ու աշակերտուհու մայրը մնացին դատարկաձեռն:

Հեղինակ՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее