«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատ քաղաքի Շահումյան-2 հանրակացարանում բնակվող, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո շարունակում է բուժվել, բայց դրական տեղաշարժ չի նկատվում. նա շարունակում է կյանքի նկատմամբ անտարբեր մնալ։
«Կյանքում ամեն ինչի նկատմամբ կորցրել եմ հետաքրքրությունս, կարծես արգելափակված լինեմ»,- մեզ հետ զրույցում մեկ տարի առաջ ասաց Հովիկը։ Նույն զգացողությունը նրա մոտ պահպանվում է առ այսօր։ «Հիմնականում իրիկուններն է վիճակը վատանում, սկսում է ինձ վրա ջղայնանալ, ինչ կուժ ու կուլա կա՝ ինձ վրա է ջարդվում։ Մի փոքր բանից կարող է ջղայնանա, ու մի կես ժամից կամ 20 րոպեից դա անցնում է, ասում է՝ պապ ջան, կներես»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննես Վարդանյանի հայրը՝ Վարդան Վարդանյանը։
Հովիկը շարունակում է շատ ծխել եւ սուրճ խմել. «Օրվա մեջ 10-12 հատ բաժակով սուրճերից է գնում խանութից՝ խմում։ Գալիս տուն, ամբողջ օրը լվացվում է, օրվա մեջ հինգ անգամ ատամներն է լվանում: Եթե քույրը մեկ րոպե սուրճն ուշացնի, նեղացնում է քրոջը, հետո մի քիչ անցնում է, ասում է, որ չէր ուզում նեղացնել, ուղղակի պահի տակ ստացվեց։ Մեկ-մեկ էլ ասում է՝ չեմ ուզում ապրել, ուզում եմ հելնել կռիշ։ Հովոն մեկ-մեկ այնպես է խոսում, որ կասես էս տղեն հաստատ փիլիսոփա է, բայց մեկ-մեկ էլ բռնում է նոպան, հետո ասում է՝ կներես պապ, ստացվեց»,- ասաց հայրը։ Հովիկը ամեն օր մտածում է Գերմանիա գնալու եւ բուժում ստանալու մասին. «Ամբողջ օրը գժվացնում ա Գերմանիա գնալու մտքով, ո՞վ է գլուխը մտցրել՝ չեմ իմանում, բայց ինձ որտեղի՞ց հնարավորություն, որ ես Գերմանիա ուղարկեմ, ասում են՝ մոտ 5500 դոլար մեկ հոգուն պետք է, գնալուց հո մենակ չե՞մ թողնի գնա, ես պետք է տանեմ, բայց որտեղի՞ց ինձ այդքան հնարավորություն։ Ուզում եմ դիմել Ռալֆ Յիրիկյանին, մյուս հարուստներին, որ եթե հնարավոր է՝ ինձ օգնեն Գերմանիայում որդուս բուժումը կազմակերպել»,- հավելեց Վարդան Վարդանյանը: Հիշեցնենք, որ Ասկերանի զորամասում Հովհաննես Վարդանյանը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում:
Ծառայության 14-րդ ամսին հայրը 12 օր ուշացումով զանգ է ստացել զինծառայողից, որ Հովոն հոգեբուժարանում է: Հայրը որդուն հիվանդանոցում գտել է անճանաչելի վիճակում: Հետո Հովհաննեսը հորը պատմել էր, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ սպան պահանջել է, որ Հովոն իրեն մերսի, նա էլ ասել է՝ չեմ անի… այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: