«Հրապարակ» թերթը գրում է. «Պանտերա» անվտանգության ծառայության հերթափոխի պետ Վարազդատ Խոցանյանին ծեծի ենթարկողների մեջ եղել են նաեւ պաշտոնյաներ, այդ պատճառով էլ նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն:
Մեզ հասած տեղեկություններով, նրան ծեծի ենթարկողների մեջ եղել են ֆինանսների նախարարության աշխատակիցներ: «Ծեծողներից մեկը հարկայինում էր աշխատում, մեկը՝ տամոժնիում»,-ասաց մեր աղբյուրը:
Ասում են, թե մաքսայինում աշխատողը «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է՝ 26-ամյա Հարություն Թանգամյանը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Առայժմ նյութերն ուսումնասիրվում են, եւ հայտնի չէ, թե որ հոդվածով քրեական գործ կհարուցվի կամ կհարուցվի՞ արդյոք:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ թեեւ Վարազդատ Խոցանյանի առողջական վիճակը լավանում է, նրա հոգեկան վիճակը բարվոք չէ: Նա սկսել է ինչ-որ տարօրինակ բաներ խոսել՝ շեղումներ են նկատվում: Հարազատները, մտահոգվելով նրա առողջական վիճակի մասին, անգամ հոգեբան են կանչել:
Վարազդատ Խոցանյանը տեղի ունեցածից ոչինչ չի հիշում եւ որեւէ բան չի կարողանում պատմել: Նրան հարվածել են թիկունքից, իսկ առաջիկայում պետք է վիրահատեն դիմային ոսկրերի, կոտրվածքների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում