«Ծառուկյանը փոշմանել է», «ՀՅԴ-ն էլ համաձայնության է եկել Սերժ Սարգսյանի հետ և լքում է ընդդիմադիր դաշտը», հանգստյան օրերին էլեկտրոնային լրատվամիջոցներում այսպիսի տեղեկություններ հրապարակվեցին այն բանից հետո, երբ շաբաթ օրը իրար ետևից կայացան Սերժ Սարգսյան-ՀՅԴ և Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումները: «Հրապարակ»-ը գրում է, որ որոշ տեղեկություններով, Ծառուկյանի հետ բավական կոշտ խոսակցություն է եղել, և դա մասամբ պայմանավորված է ԲՀԿ-ի բրյուսելյան վոյաժներով և իշխանությունների հասցեին համարձակ հայտարարություններով: Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են ղեկավարում այդ պայքարը»: Սակայն ավելի ուշ ԲՀԿ-ն իր հաղորդագրության մեջ ավելի մեղմ ձևակերպում տվեց. «Գագիկ Ծառուկյւսնն իր մտահոգությունը հայտնեց կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացի մեխանիզմների և արդյունավետության վերաբերյալ»:
«Հրապարակ»-ի տեղեկություններով, Ծառուկյանը Սերժ Սարգսյանի մոտ գրեթե զղջացել է իր ասածների համար: Շաբաթ օրը Սերժ Սարգսյանին են հանդիպել նաև ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը. «Կայացել է երկարատև քննարկում Հայաստանի պետական-հանրային և քաղաքական կյանքի արմատական բարեփոխման» ու առողջացմանն ուղղված ՀՅԴ առաջադրած յոթ կետանոց հիմնադրույթների շուրջ»: Թեև գլխավոր՝ խորհրդարանական կառավարման և հայ-թուրքական արձանագրությունների հարցում կոմերը տրամագծորեն հակառակ կարծիքի են եղել, սակայն «որոշել են շարունակել խորհրդակցությունները»:
«Վիճակը գնալով դառնում է շատ անհասկանալի և դժվար»,- այսպես գնահատեց ստեղծված իրավիճակը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, Սերժ Սարգսյանին մրցակցային ընտրություններ են պետք և «եթե Արևմուտքը այդ «մրցակցային ընտրություններ» ասվածը տեսնում է 70/30 հարաբերակցությամբ, ապա Ռուսաստանն այդ հարաբերակցությունը 55/45 կամ 60/40-ի է ցանկանում, հենց այստեղ էլ առաջանում է խնդիրը»: ՆԺԿ ղեկավարի խոսքով, մրցակցությունը թվացյալ է լինելու, որովհետև Սերժ Սարգսյանը վերարտադրվելու է. «Հիմա ով մտավ և այդ թվերը հավաքեց... Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մարդը 45 տոկոս ձայն ունենա և Հայաստանում հեղափոխության փորձ չանի»:
Սրանով են պայմանավորված խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանն է հորդորել չառաջադրվել, ավելին, եթե իսկապես Ծառուկյանը հրաժարվի առաջադրվելուց, ապա, Կարապետյանի համոզմամբ, ամենախելոք որոշումը կկայացնի: Ինչո՞ւ: «Ծառուկյանն էլ է հասկանում, որ ներկայիս իրավիճակում Սերժ Սարգսյանին հաղթելն անհնար է (հիշեցնեմ՝ ընտրություններ չեն լինելու, և այդ պատճառով է անհնար), և հիմա Ծառուկյանը պարտվեց և չաղ տոկոսներով չռեալիզացվեց, այսինքն՝ ոչ մի շարժման չվերածվեց, այդ մարդն ինչպիսի՞ համբավ է ունենալու հասարակության մոտ»: Այս պարագայում կդառնա ավելի վատ, քան Արթուր Բաղդասարյան-2, որովհետև, ըստ Կարապետյանի, նրանից սպասելիքներն են այլ: «Ստացվում է, որ մարդը դնում է թեկնածությունը՝ փչանում է, չի դնում՝ փչանում է»,- եզրահանգեց Կարապետյանը: Վերջինի դիտարկմամբ՝ «Ծառուկյանն այնուամենայնիվ կընտրի նվազագույնը: Չես մասնակցում, ապա չես լեգիտիմացնում Սերժ Սարգսյանի վերարտադրվելը»:
Ծառուկյանն առաջադրվի էլ՝ փչանալու է, չառաջադրվի էլ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet