«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ես քաղաքական էջն իմ համար փակել եմ»,-նոյեմբերի 17-ին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ ավելացնելով. «Բայց իմացեք, որ բարեգործական էջը ավելի ընդլայնել, հզորացրել եմ»:
Ընդհանրապես Ծառուկյանի ասածներին դժվար է հավատալ, որովհետեւ մինչեւ փետրվարի 12-ը ինքը ուրիշ բան էր հայտարարում, խոսում էր երկիրը փրկելու վճռական մտադրության մասին, իր կողմից ղեկավարվող հասարակական-քաղաքական շարժումը հաղթական ավարտին հասցնելու մասին, բայց թե ինչ տեղի ունեցավ հետագայում՝ բոլորի աչքի առջեւ է: Հիմա էլ 100-հազարական դրամ բաժանելով ուսանողներին՝ դժվար է ասել, թե Ծառուկյանը հետագայում ինչ ակնկալիքներ ունի իրենց երախտագիտությունը հայտնող ուսանողներից:
Եթե Ծառուկյանն իսկապես փակել է քաղաքական էջը, ապա դրա լավագույն միջոցը պատգամավորական մանդատից հրաժարվելը կլիներ: Նա շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, եւ որքան էլ տարօրինակ է, շարունակում է մնալ ԲՀԿ խմբակցության անդամ, թեեւ լինելով մեծամասնական ընտրակարգով ընտրված խատգամավոր՝ Դավիթ Քոչարյանի կամ Մուշեղ Պետոյանի նման կարող էր դուրս գալ խմբակցությունից: Ծառուկյանի ինչին է պետք պատգամավորական մանդատը, եթե նա նույնիսկ մեկ օր չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:
Պահելով պատգամավորական մանդատը՝ Ծառուկյանը շարունակում է բաց պահել քաղաքական էջը, եւ հենց պատգամավորական մանդատն է, որ նրան ցանկացած պահի քաղաքականություն վերադառնալու հնարավորություն կտա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում