Քաղաքացիական համագումարի ավարտից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Րաֆֆի Հովհաննիսյանն, ըստ galatv.am-ի, նշել է , որ իր համար անակնկալ չէր Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, քանի որ իրենց հանդիպումների ժամանակ էլ Ծառուկյանը շեշտել է, որ իշխանության դեմ դուրս չի գա. «Թե ինչու ուշացավ այդ դիրքորոշման բարձրաձայնումը, դա պետք է հարցնեք պարոն Ծառուկյանին, սակայն նա այն հազվադեպ գործիչներից է, ով իմ հետ անկեղծ է եղել՝ ասելով, որ իշխանության դեմ դուրս չի գա»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Պատասխանելով հարցին, թե ինչու է այդ դեպքում ՀԱԿ-ը պնդում, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է, Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է. «Հայկական քաղաքական դաշտը շատ բազմաշերտ է և բազմաբնույթ, գուցե նախկինում ՀԱԿ-ը կուսակցական կամ անձնական կապեր է ունեցել, համենայնդեպս ես չէ, որ պետք է գնահատական տամ և չեմ կարծում, որ պետք է նման գնահատականը, քանի որ դա իրենց կարծիքն է և իրենց որոշելիքը»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը ներկա չէր եկեղեցու բացման արարողությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է, որ զուտ անձնական զբաղվածության պատճառով չի կարողացել գնալ. «Ես գրավոր շնորհավորել եմ պարոն Ծառուկյանին և առաջիկայում կայցելեմ նորաբաց եկեղեցին առավել հանգիստ պայմաններում, առանց թամաշայի ու առանց այն դաժան կադրերի, որոնց ականատես եղանք բոլորս, ու որը երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի արտահայտությունն էր»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Տեսանյութն` Ազատություն ռադիոկայանի: