Ազգային ժողովի նիստերից բացակայող պատգամավորների անուններն այսուհետ խորհրդարանի պաշտոնական կայքէջում հրապարակվելուց զատ այդ պատգամավորների նկատմամբ նաև կկիրառվեն այլ միջոցներ: Նրանք կզրկվեն աշխատավարձերից, պատվիրակությունների ցանկում չեն ընդգրկվի, գործուղումների չեն մեկնի: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ի պատասխան լրագրողների հարցի, թե արդյոք նիստերից հաճախակի բացակայող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նաև Հ.Աբրահամյանի խնամին է, կզրկվի աշխատավարձից, ԱԺ նախագահը վստահեցրեց, որ «անկախ անունից ու ազգանունից, ով չմասնակցի, չի ստանալու»:
Հ.Աբրահամյանը տեղեկացրեց նաև, որ նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ, որոնք թույլ կտան ԱԺ Էթիկայի հանձնաժողովին քննարկել նաև պատգամավորների բացակայության հարցը:
Ի դեպ՝ ԱԺ նախագահը վստահեցրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավին մեծաթիվ պատգամավորների ներգրավվածությամբ պայմանավորված այս փուլում ըմբռնումով է մոտենում պատգամավորների բացակայություններին: «Քանի որ քարոզարշավը մոտենում է ավարտին, մենք այս անգամ էլ ներողամիտ կլինենք, բայց հաջորդ նիստերին, ինչ որ պայմանավորվել ենք, ես իրագործելու եմ»,- ասաց նա:
Նա նկատեց, որ կարգուկանոնը միշտ էլ եղել է, պարզապես այժմ այն ավելի խստացնելու մտադրություն կա: Ըստ ԱԺ նախագահի, ինքը խմբակցությունների ղեկավարների հետ կքննարկի, և, եթե այլ ձևաչափում չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել, կփորձեն հարցերը քննարկելուց հետո կազմակերպել քվեարկություն: Նշենք, որ ներկայումս քննարկված հարցերի քվեարկությունները լավագույն դեպքում իրականացվում են հաջորդ օրվա առավոտյան նիստում, երբ դահլիճում ներկա են անհրաժեշտ թվով պատգամավորներ:
Աղբյուրը` Փաստինֆո.am