«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է այս տարվա հունիսի 26-ին սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչին՝ մարզադաշտից պահանջելով 714 մլն 581 հազար դրամ գումար պարտքը:
«Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն իսկ առարկություն են ներկայացրել ՀՖՖ-ի հայտի առթիվ: «Ֆեդերացիան գույք է ի պահ տվել ստադիոնին, առաջարկել ենք ի պահ տրված գույքը վերցնել՝ վիդեո կանալները, լույսերը»,- ասաց Աղաբաբյանը:
Ըստ նրա՝ ՀՖՖ-ի հայցի մոտ 400 մլն-ն անընդունելի է:
Դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Սեփականատիրոջ խոսքերով՝ ստադիոնն արժե 50 մլն դոլար: «Եթե «Միկայի» դաշտը 23 մլն-ով են վաճառում կամ Իջեւանի դաշտը՝ 6 մլն-ով գնում, ապա «Հրազդանը» շատ ավելի թանկ է»,- ասաց Աղաբաբյանը:
Սնանկացած պատգամավորը պատրաստվում է նոր տարում մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել: «Կհայտարարենք, որ առողջացման ենք գնում: Առողջացման ծրագրի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը: Հնարավոր է, որ 80 տոկոսը կարողանանք վաճառել ստադիոնի խաթեր, որ այն փրկվի»,- ասաց սեփականատերը:
Աղաբաբյանը հերքեց, թե իրեն օգնում են աներձագ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Երբեք: Օգնել, նշանակում է՝ բաժնեմաս առնել, ուրիշ ի՞նչ օգնել»: Թե ովքեր են «Հրազդանի» պոտենցիալ գնորդները՝ Աղաբաբյանը չի ասում:
Ինչպես բազմիցս նախկինում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը, «Հրազդան» մարզադաշտի սնանկության հարցում մեղադրում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ստադիոնին 53 մլն դրամով տուգանելու, ու Գագիկ Ծառուկյանին՝ «Առինջ մոլ»-ով իր տոնավաճառի «գործին խփելու» համար:
Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանը արդեն իսկ կադաստրի պետական կոմիտեի օգնությամբ առանձնացրել է «Հրազդան» մարզադաշտի հաշվեկշռում գտնվող ձմեռային լողավազանի մասը, որտեղ տեղակայված է Աղաբաբյանի աղջկա «Դար 21» հեռուստատեսությունը: Սա թերեւս արվել է նրա համար, որ եթե «Հրազդանը» վերցնեն Աղաբաբյանի ձեռքից, գոնե «Դար 21»-ի շենքը մնա Աղաբաբյանների ընտանիքին:
«Հրազդան» մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, մինչդեռ, մամուլում անընդունելի է համարել մարզադաշտի համալիրի մասնատումը՝ հայտարարելով, որ դա ստադիոնի անբաժանելի մասն է, որովհետեւ այդ կոնստրուկցիաները իրար հետ են օգտագործված»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում