Միջազգային բուքմեյքերական ընկերությունները սկսել են ավելի ցածր գնահատել Արամ MP3-ի հաղթանակի հավանականությունը, թեև Հայաստանը «Եվրատեսիլ 2014»-ում ներկայացնող Արամ MP3-ը շարունակում է մնալ ֆավորիտների եռյակում:
Նախքան առաջին կիսաեզրափակիչը բուքմեյքերական ընկերությունները նրան՝ «Not Alone» երգով միակ ֆավորիտ էին համարում:
Այսպես՝ հանրահայտ Williamhill բուքմեյքերական ընկերությունում Արամ MP3-ի հաղթանակի գործակիցը գնահատվում է 3,25: Առաջին հորիզոնականում մասնագետների կարծիքով շվեդ երգչուհի Սաննա Նիլսենն է՝ «Undo» երգով: Եռյակն ամփոփում է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մոլլին՝ «Children of the Universe» երգով: Գրում է «Новости-Армения»-ն:
«Bwin» միջազգային բուքմեյքերական ընկերության փորձագետների կարծիքով ևս հիմնական ֆավորիտը Շվեդիան ներկայացնող երգչուհին է, ում հաղթելու գործակիցը 2.85 է, իսկ ահա Արամ MP3-ինը՝ 4,50:
Հիշեցնենք` նախօրեին տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2014»-ի առաջին կիսաեզրափակիչը, որին մասնակցեցին Հայաստանը, Չեռնոգորիան, Հունգարիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Սան-Մարինոն, Շվեդիան, Նիդերլանդները և Իսլանդիան:
Երկրորդ կիսաեզրափակիչը մայիսի 8-ին է, որին կմասնակցեն Մալթան, Իսրաելը, Նորվեգիան, Վրաստանը, Ավստրիան, Լիտվան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Բելառուսը, Մակեդոնիան, Շվեյցարիան, Հունաստանը, Սլովենիան և Ռումինիան:
Եզրափակիչ փուլը մայիսի 10-ին է, որին կմասնակցի նաև Հայաստանի ներկայացուցիչը: