«Իրատես de facto» թերթը գրում է. «Օրերս սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը հետաքրքիր հայտարարություն էր արել, նշելով, թե իշխանության վերին էշելոններում «զգաստ են, բայց միջին օղակում «բորենիների» համաստեղություն է»։ Այս առնչությամբ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանից փորձեցինք պարզել՝ համամի՞տ է ՍԴ նախագահի ձեւակերպմանը։ «Բորենիներ» տերմինն առաջին անգամ ես եմ օգտագործել, ոչ թե Գագիկ Հարությունյանը,- ասաց պատգամավորը։ Փաստորեն, ասվածին լիովին համամիտ եք։ Անշուշտ։ Մեր հասարակության դժգոհությունն իշխանություններից պայմանավորված է ոչ թե վերին օղակների աշխատանքով, այլ այդ «բորենիներով»։ Նրանց վատ համբավը տարածվում է առաջին հերթին նախագահի, ԱԺ ղեկավարի եւ վարչապետի վրա։ Աշխարհի ոչ մի երկրում չկա այն մեխանիզմը, որ 100 տոկոսով չինովնիկների աշխատանքը վերահսկողության տակ պահի։ Խնդիրն այդ մարդկանց էությունն է ու նրանց գործողությունները։ Բնակչությունը շփվում է ոչ թե իշխանության վերեւում կանգնած մարդկանց, այլ հենց միջին օղակների հետ։ Այսօրվա իշխանության հանդեպ հասարակության վերաբերմունքը, եթե ոչ 100, ապա 90 տոկոսով ձեւավորում են այդ պաշտոնյաները։ Հնարավո՞ր չէ այդ «բորենիներին» արագ հեռացնել իշխանությունից։ Նախագահը, խորհրդարանի ղեկավարը կամ պատգամավորներն անընդհատ հսկողության տակ չեն կարող պահել այդ «բորենիներին»։ Հո պահակ չե՞ն էդ մարդիկ, որ ամեն օր նրանց հսկեն։ Անում են հնարավոր ամեն ինչ։ Եթե ՍԴ-ի ղեկավարը նման բան է հայտարարել, ուրեմն նման երեւույթ հաստատապես կա։ Ի վերջո, ինչպե՞ս պայքարել «բորենիների» դեմ։ Ես այդ հարցում դաժան եմ։ Կարծում եմ՝ խիստ պատասխանատվության պիտի ենթարկել։ Այսինքն, խնդրի լուծումը տեսնում եք իրավակա՞ն դաշտում։ Հա, բա հո չե՞նք ծեծելու այդ մարդկանց։ Եթե մեկը բարձր ձայնով խոսում է, ու ոստիկանությունը դա խուլիգանություն է համարում եւ մեկ կամ կես տարով դատապարտում է ազատազրկման, ինչո՞ւ նման չինովնիկներին նույն կերպ չպատժել։ Հո միայն կաշառքը, կոռուպցիան չե՞ն դատապարտելի։ Ավելին, ամեն մի «փոքրիկ» չինովնիկ իր համար սեփական թագավորություն է ստեղծում ու իրեն պահում է նախագահի պես՝ շրջապատելով իրեն թիկնապահներով, նիստուկացը նմանեցնելով թագավորի նիստուկացին։ Նախագահի մոտ կատու են դառնում, իսկ երբ գալիս են իրենց կաբինետները, ստեղծում են սեփական իմպերիան՝ բոլոր ատրիբուտներով։ Այս ամենը գիտե՞ք ինչի արդյունք է՝ այդ մարդիկ ներքին հպարտություն չունեն։ Նախագահից, վարչապետից, ոստիկանապետից, դատախազից վախենում են, բայց իրենց սեփական «թագավորությունում» կորցրած ինքնասիրությունը բորենիական դրսեւորումներով են փոխհատուցում։ ՍԴ-ի ղեկավարը, նման հայտարարություն անելով, չակերտները չի բացել, իսկ ես բացեցի»: Ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում