Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն, ով «Հարազատ թշնամի» սերիալում մարմնավորում էր «Բաբիի» դերակատարուհուն, այսօր չի երևում հեռուստաէկրաններին: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց դերասանուհու հետ` ճշտելու, թե ինչով է այսօր զբաղված, ինչպես է արձագանքում իր դերասանական խաղի հետ կապված քննադատություններին, գեղարվեստական ֆիլմերում մինչ օրս մասնակցություն չունենալու և ընտանիքի համալրման մասին:
Տաթևիկ, ավարտվեց «Հարազատ թշնամի» սերիալը, հետաքրքիր է` ի՞նչ զգացողություններ ունեք սերիալի ավարտից հետո: Արդեն զգո՞ւմ եք տևական պարապուրդը:
Ցանկացած բանի ավարտ նշանավորում է նոր բանի սկիզբ: Տևական պարապուրդ չկա, և շատ լավ ժամանակահատված է ինքնազարգացմամբ զբաղվելու համար, որով էլ հիմա զբաղված եմ: Մինչ հաջորդ նախագիծը ժամանակը ճիշտ կօգտագործեմ:
Ի՞նչ նոր նախագծերում եք պատրաստվում ներկայանալ, արդյո՞ք ձեզ կրկին կտեսնենք սերիալներում:
Այժմ նոր ներկայացմամբ եմ զբաղված, որի պրեմիերան տեղի կունենա ամռանը. հիմա աշխատում եմ կերպարիս վրա: Այս ներկայացումից բացի ունեմ ևս առաջարկներ` կապված ներկայացումների և հեռուստատեսության հետ, որոնց մասին դեռ մտածում եմ: Իսկ ինչ վերաբերում է սերիալներում իմ մասնակցությանը` առայժմ ոչինչ չեմ կարող ասել:
Շատ են կարծիքները, որ Տաթևիկ Ադումյանի խաղը ոչ լավն է, ոչ վատը, կարծես թե այն գտնվում է միջին սանդղակում: Հետաքրքիր է` համաձա՞յն եք այդ նկատառման հետ և առհասարակ ի՞նչ կարծիք ունեք դուք ձեր արած աշխատանքի մասին:
Չեն քննադատում այն մարդկանց, ովքեր ոչինչ չեն անում: Բնական է` որոշ մարդիկ պետք է քննադատեն իմ աշխատանքը: Ես հարգում եմ բոլորի կարծիքը, եթե իհարկե, մարդիկ չեն անցնում անձնական վիրավորանքի սահմանը, և ընդունում եմ միայն առողջ քննադատությունները:
Երբևէ ձեզ չենք հանդիպել գեղարվեստական ֆիլմերում: Ըստ ձեզ ինչո՞ւ, և ի՞նչ եք կարծում երբ է գալու ձեր ժամանակը:
Բնական է, որ ունեցել եմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկներ, սակայն տարբեր խնդիրների պատճառով մերժել եմ դրանք: Ինչ վերաբերում է պատճառներին` ինչպես նշեցի, դրանք եղել են տարբեր՝ թե ֆինանսական, թե կերպարային:
Վերջերս լուրեր էին տարածվել այն մասին, որ դուք ձեր առաջնեկին եք սպասում: Լրագրողների հարցերը ոչ հերքվում և ոչ էլ հաստատվում էին ձեր կողմից: Հետաքրքիր է` ե՞րբ է սպասվում ձեր ընտանիքում այդքան սպասված համալրումը:
Չեմ ցանկանում խոսել անձնական կյանքիս մասին, քանի որ կարծում եմ` ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես, անձնական կյանքի իրավունք ունեմ:
Առաջին հայացքից թվում է, թե դուք ունեք ամեն ինչ` գեղեցիկ եք, ունեք երջանիկ ընտանիք, կարիերա: Ի՞նչ է պակասում ոչ թե Տաթևիկ Ադումյան դերասանուհուն, այլ կնոջը` ամբողջովին երջանիկ լինելու համար:
Այո, ես ունեմ գեղեցիկ և երջանիկ ընտանիք, բայց ինչպես նշեցի, անձնական կյանքիս մասին չեմ խոսում, միայն կարող եմ հավելել, որ յուրաքանչյուր կին, ով ընտանիքում սիրված է` հանձինս ամուսնու կողմից, իրեն կարող է լիակատար երջանիկ համարել:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան