▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բիբինի վկաները. «168 ժամ»

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ինչպես եւ սպասվում էր, երեկ միաձայն որոշում կայացրեց օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով բարձրացնելու վերաբերյալ: Այդ որոշումը կայացվեց ՀԾԿՀ-ի շենքի առջեւ ակտիվիստների բողոքի ակցիայի եւ ՀԾԿՀ-ում հնչած բազմաթիվ քննադատական ելույթների մթնոլորտում:

Սակայն ՀԾԿՀ անդամների, նրա նախագահ Ռոբերտ Նազարյանի համար «ամոթ», «դավաճան» վանկարկումներից, քննադատությունից առավել կարեւոր էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ռուս տնօրեն, ինչպես ԱԺ լսումներին, այնպես էլ ՀԾԿՀ-ի նիստին ներկայանալ չբարեհաճած Եվգենի Բիբինի՝ իրեն ուղարկված նամակը, որով վերջինս ուղղակի սպառնալիքի լեզվով տեղեկացնում էր, որ, եթե ՀԾԿՀ-ն սակագինը չբարձրացնի 17 դրամով, ապա ՀԷՑ-ը չի երաշխավորում անխափան էներգամատակարարումը եւ կարող է անգամ քննարկել իր գործունեությունը դադարեցնելու հարցը:

Այս նամակի ընթերցումից հետո սակագինն ընդամենը 7 դրամով բարձրացնելու որոշումը հանձնաժողովի անդամներն ու իշխանություններն ընդհանրապես կարող են ներկայացնել՝ որպես աննախադեպ հերոսություն, հասարակության շահերից բխող քայլ:

Բայց իրականությունն այն է, որ երկու՝ հասարակական եւ ռուսական մասնավոր ընկերության սպառնալիքներից հանձնաժողովը, այսինքն՝ իշխանությունը, տուրք տվեց երկրորդին: Ինչպե՞ս կպատասխանի հասարակությունն այս որոշմանը, պարզ կդառնա վաղը՝ սակագնի բարձրացման դեմ նախապես հայտարարված բողոքի ակցիայի ժամանակ: Իշխանության համար Բիբինի սպառնալիքներից առավել վտանգավոր կարող է լինել միայն հասարակական մեծ զանգվածներ ընդգրկող ընդվզումը: Այլապես բացառված չէ, որ մինչեւ օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն մի նիստ էլ հրավիրի՝ սակագինը Բիբինի ցանկացած չափով բարձրացնելու համար»:

 

Ուշագրավ այլ նյութեր «168 ժամ»  թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее