«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ է հայտնվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի գաղտնի նամակը՝ հասցեագրված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին: Բիբինն այս «գաղտնի» նամակով ՀԾԿ հանձնաժողովին պաշտոնապես իրազեկել է այն մաիսն, որ սպառողին մատակարարվող էլէներգիայի՝ 6,93 դրամով թանկացումը իրենց համար բավարար չէ: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակը՝ ամբողջությամբ.
«Ներկայացված հայտով Ընկերությունը («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ) խնդիր է հետապնդում լուծել ոչ միայն իր կողմից կատարած փաստացի ծախսերի փոխհատուցման խնդիրը, այլ նաեւ էլէկտրաէներգետիկ համակարգում առկա հիմնախնդիրները, որը կհանգեցնի էլեկտրաէներգետիկ համակարգի առողջացմանը: Սակայն, ուսումնասիրելով Հանձնաժողովի (ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի) պաշտոնական կայքում տեղադրված Հանձնաժողովի հունիսի 17-ի նիստի օրակարգի 4-րդ կետում ամրագրված` ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի թիվ 233Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը եւ հավելվածները, կարող ենք փաստել, որ առկա խնդիրների լուծմանը համակարգային մոտեցում չի ցուցաբերվել: Ավելին՝ նույնիսկ փաստացի իրականացված ծախսերի հիմնավորումներն ու կատարման անհրաժեշտությունը դրվել են կասկածի տակ, որի հետեւանքով դրանց որոշ մասը չեն ներառվել սակագնի հաշվարկում:
Անդրադառնանք դրանցից առավել խոշորներին.
1. Ընկերությունը բազմիցս բարձրաձայնել է, որ պլանավորված էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի խախտման հետեւանքով 2012 թվականից ի վեր կրել է մոտ 37.7 մլրդ. դրամի վնաս: Առաջացած ֆինանսական ճեղքվածքը լրացնելու, արտադրող կայանների նկատմամբ պարտքերը մարելու, ինչպես նաեւ լիցենզիայով ամրագրված պարտականությունները պատշաճ կերպով կատարելու նպատակով Ընկերությունը ստիպված է եղել ներգրավել վարկային միջոցներ, որոնց տոկոսագումարների գծով հավելյալ ծախսը կազմել է շուրջ 8 մլրդ. դրամ: Նշված տոկոսագումարի փոխհատուցման համար Ընկերությունը նույնպես հայտով դիմել էր Հանձնաժողովին, սակայն Հանձնաժողովի աշխատակազմն իր կողմից կատարած հաշվարկներով լուծեց միայն արագացված ամորտիզացիայի եւ փոխհատուցման ենթակա մայր գումարի ամբողջական վերադարձման հարցը, բայց տոկոսագումարների հետեւանքով Ընկերության կրած վնասների հատուցման պահանջը մնաց անհետեւանք:
2. Ընկերությունը, համաձայն սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի 7-րդ կետի, անհուսալի դեբիտորական պարտքի չափը ներկայացված հայտում հաշվարկել էր առաքված էլեկտրաէներգիայի արժեքի 2 տոկոսին հավասար, որը կազմում էր 4.9 մլրդ. դրամ: Սակայն Հանձնաժողովի աշխատակազմը հաշվարկում ներառել է առաքված էլեկտրաէներգիայի արժեքի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 2 մլրդ. դրամ, չնայած այն փաստին, որ անհուսալի դեբիտորական պարտքի կառուցվածքում ընդգրկված են ոչ միայն թույլատրելի անհուսալի դեբիտորական պարտքերը, որոնք եւ հաշվի են առնվել գործող սակագնային մարժայի հաշվարկում 1 տոկոսի չափով, այլ նաեւ «Նաիրիտ գործարան» եւ «Վանաձոր-Քիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կուտակած պարտքերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է մոտ 2.5 մլրդ. դրամ: Նշված կազմակերպությունները ներկա դրությամբ շարունակում են էլէկտրաէներգիայի սպառումը եւ, ցավոք, չեն մարում առաջացող ընթացիկ պարտավորությունները, ավելին՝ անգամ որեւիցէ ձեւաչափով չեն բանակցում Ընկերության հետ պարտքերի մարման ուղղությամբ: Իսկ Ընկերությունը, գիտակցելով վերոհիշյալ ընկերությունների հոսանքազրկման հետեւանքով հնարավոր բնապահպանական աղետի առաջացման վտանգը, շարունակում է վարկային միջոցների հաշվին ֆինանսավորել անհրաժեշտ քանակությամբ էլեկտրական էներգիայի անխափան մատակարարումը:
3. Ընկերությունը նախկինում բազմիցս դիմել է Հանձնաժողովին` բարձրաձայնելով, որ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲ ընկերության կողմից նախորդ տարի բաշխիչ ցանցերում էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական անխուսափելի կորուստների մեծության որոշման նպատակով իրականացված հաշվարկների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը, ինչն արձանագրվել է նաեւ անկախ փորձագետի եզրակացությամբ, որում մասնավորապես նշվում է, որ նշված մեթոդիկան ունի լուրջ թերություններ, իսկ ինստիտուտի կողմից իրականացված հաշվարկը չի համապատասխանում մեթոդիկային: Չնայած թվարկված փաստերին՝ Հանձնաժողովի աշխատակազմը բավարար հիմնավորման եւ պարզաբանման բացակայության պայմաններում շարունակում է սակագնի հաշվարկում կորուստների մեծությունը 12.4 տոկոսի փոխարեն սահմանել 11.2 տոկոսի չափով` բաշխիչ ցանց մուտք գործող էլեկտրաէներգիայի քանակի նկատմամբ, որի արդյունքում Ընկերության ծախքերում չեն ներառվել 1.8 մլրդ դրամի չափով հավելյալ ծախսեր:
Նամակն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: