Ինչպես տեղեկացնում են «Հրապարակի» ԲՀԿ-ի աղբյուրները` Երեւանի ավագանու ցուցակը կազմվել է բացառապես ԲՀԿ արմատական, պրոքոչարյանական ներկայացուցիչներից: Պրոիշխանական թեւի ներկայացուցիչներն այս ընտրություններում լիովին մեկուսացված են:
Ընդ որում, սա ձեռնտու է նաեւ վերջիններիս, նրանք չեն ցանկանում հոսանքին հակառակ «նավել», որովհետեւ, ի տարբերություն արմատական թեւի, կորցնելու շատ բան ունեն: Սակայն միանշանակ չէ նաեւ ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվողների վիճակը. Օսկանյանի մասով մեր աղբյուրները շարունակում են պնդել, որ քրեական գործի քննությունը չեն դադարեցրել եւ մտադիր են սլաքները դեպի հետաքրքիր տեղեր եւ անձեր տանել: Խոսվում է նաեւ ինչ-ինչ տեսագրությունների մասին:
Իսկ շտաբի պետ, ցուցակի երրորդ համար Աբրահամ Մանուկյանը մի կողմից բավականին աղմկոտ, սակայն այդպես էլ չհրապարակայնացված սկանդալի արդյունքում թողեց առողջապահության փոխնախարարի պոստը, մյուս կողմից էլ նրա որդուն պատկանող ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել, եւ կա ձերբակալված:
ԲՀԿ մեր զրուցակցին հարցրինք՝ այնուհանդերձ, ինչո՞ւ որոշեցին Աբրահամ Մանուկյանին նշանակել շտաբի պետ, ինչ-որ առումով նրա մանեւրի դաշտը սահմանափակ կլինի: «Այդպես չէ, որքան ես եմ տեղեկացված` առողջապահության մասով ներքին բովանդակային կոնֆլիկտ է եղել, ու եթե «ճշտով», ապա Աբոն է ճիշտ եղել, եւ հետո` Աբոն երեւանցի տղա է, հինգ մատի նման գիտի Երեւանն իր բոլոր ծակուծուկերով, լավ կազմակերպիչ-կյանքի տղա է, նեգատիվը քիչ է նրա մեջ, կզող չէ»,- ասաց ԲՀԿ արմատական թեւի մեր զրուցակիցը: Աբոն ու իր տղաները նաեւ Նորքը «նայողներից» են եւ այստեղ միշտ կարողացել են ԲՀԿ-ի օգտին շատ ձայներ ապահովել: