▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ի առաջին եռյակում` միլիոնատերեր

Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրություններին գրանցված 6 կուսակցությունների` ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, «Առաքելության» և «Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները մինչև ապրիլի 5-ը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր:

Այս քաղաքական ուժերից միակը «Բարգավաճ Հայաստան»-ն է, որի ընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձինք` Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ` ԲՀԿ-ական, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը և անկուսակցական, առողջապահության նախկին փոխնախարար Աբրահամ Մանուկյանը։

Վերոհիշյալ երեք գործիչները գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր ներկայացրել են 2012թ.-ին ԿԸՀ` որպես ԲՀԿ-ի ընտրական ցուցակով ԱԺ համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներ, հետագայում նաև` ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` որպես ԱԺ պատգամավորներ:

Դատելով Վ.Օսկանյանի կողմից ԱԺ պատգամավորական պարտականությունները ստանձնելիս` 2012թ.-ի հունիսին, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրից, նա ունեցել է ընդամենը 2 բնակարան: Այլ գույք, արժեթղթեր, դրամական միջոցներ, եկամուտներ չի հայտարարագրել:

Ի դեպ` վերոհիշյալ հայտարարագիրը ներկայացնելուց երեք ամիս առաջ` 2012թ.-ի մարտի 20-ին, ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Վ.Օսկանյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է մեկ բնակելի տուն Գլենդելում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և մեկ հողատարածք Ծաղկաձորում: Բնակարաններ հայտարարագրված չեն, սակայն հայտարարագրված են 1 մլն 100 հազար ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ:

Գ.Արսենյանը պատգամավորական պարտականությունները ստանձնելիս, ըստ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, ունեցել է 14 միավոր անշարժ գույք` անհատական բնակելի տներ, բնակարան, հողամասեր, շինություններ, մարդատար 3 ավտոմեքենա, արժեթղթեր և այլ ներդրումներ 10 ընկերություններում: Նա որպես 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք հայտարարագրել է մեկ «Բրեգետ» ժամացույց: Գ.Արսենյանն ունեցել է 32 մլն 118 հազար 242 ՀՀ դրամ, 6 մլն 49 հազար 17 ԱՄՆ դոլար և 23 հազար 138 եվրո: Պատգամավորական պարտականությունները ստանձնելիս նրա եկամուտները կազմել են 1 մլրդ 224 մլն 856 հազար 528 դրամ, ինչը գոյացել է շահաբաժնից, վարձավճարից և տոկոսներից:

Այս հայտարարագրից մոտ երկուսուկես ամիս առաջ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրում Գ.Արսենյանը որպես շարժական գույք նշել է նաև 2003թ.-ի արտադրության «Zenair CH 701 Stol» մակնիշի երկու ինքնաթիռ:

Ա.Մանուկյանը հայտարարագրել է 11 միավոր անշարժ գույք` հողամասեր, շենք-շինություններ, մարդատար 1 ավտոմեքենա: Դրամական միջոցներն եղել են 217 մլն դրամ, 300 հազար ԱՄՆ դոլար և 90 հազար եվրո: Եկամուտները կազմել են 20 մլն 930 հազար 235 դրամ, որից 2 մլն 230 հազար 325 դրամը` աշխատավարձից, մնացածը` վարձակալությունից ստացված եկամուտից և ներդրված գումարի վերադարձից:

 

 

Աղբյուրը` Փաստինֆո.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее