«Առավոտ»-ը խմբագրականում գրում է. «Շատ վաղուց` 92-94 թվականներին ես ՀՀ նախագահի մամուլի քարտուղարն էի և մասնակցում էի մի շարք պաշտոնական հանդիպումների: Ուզում եմ ընթերցողների և իմ երիտասարդ գործընկերների հետ կիսել իմ համեստ փորձը: Եվրոպացի, ամերիկացի, ռուս, իրանցի պաշտոնյաները, ծանրակշիռ քաղաքական գործիչները այլ երկրների իրենց գործընկերների հետ հանդիպումների ժամանակ ղեկավարվում են որոշակի էթիկետով, անկախ նրանից` այդ երկիրը մեծ է, թե փոքր, ազդեցիկ, թե ոչ մի բանի վրա չազդող: Այդ էթիկետի բաղադրիչ մասերից է այլ երկրի ներքին գործերին չմիջամտելը: Այդպիսով բացառված է, որ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան Գագիկ Ծառուկյանին ասեր, որ նա առաջիկա նախագահական ընտրություններում կարող է հիանալի թեկնածու լինել, ինչպես որ ԲՀԿ-ն նշում է պրես-ռելիզի իր առաջին` դեկտեմբերի 5-ի տարբերակում: Այդ մակարդակի գործիչը նման բան չէր կարող, իրավունք չուներ ասելու որևէ հայաստանյան քաղաքական գործչի` սկսած ՀՀ նախագահից:
Եթե, այնուամենայնիվ, պարոն Ռոկան մոռանար դիվանագիտական պարկեշտության բոլոր կանոնները (այդպիսի ֆանտաստիկ դեպք ենթադրենք) և նման բան հայտարարեր, ապա վստահ եմ` թե Գագիկ Ծառուկյանը և թե հայաստանյան որևէ այլ լուրջ քաղաքական գործիչ դրան կհակադարձեր. «Ներեցեք, հարգարժան Ալեխո, բայց թույլ տվեք, որ Հայաստանի քաղաքացիները որոշեն, թե որքանով եմ ես հիանալի թեկնածու: Չէ՞ որ ես չեմ գնահատում Ձեր հեռանկարները, ասենք` Իսպանիայի վարչապետի պաշտոնում»: Նույնքան անհավանական եմ համարում, որ պարոն Ծառուկյանը որևէ արտասահմանցի պաշտոնյայի բողոքեր, թե անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում, ինչպես գրված է նույն հաղորդագրության նույն տարբերակում: Ինքնին այդ միտքն անվիճելի է, և ես դրա մասին բազմիցս գրել եմ: Բայց մի բան է, երբ ես, որպես մասնավոր անձ, գրում եմ դրա մասին հայաստանյան թերթում, բոլորովին այլ է, երբ միջազգային շփումների ժամանակ դա ասում է երկրի երկրորդ խոշոր կուսակցության ղեկավարը: Կոռումպացվա՞ծ են` բարձրացրեք պառլամենտում նրանց պաշտոնանկության հարցը, եվրոպական չինովնիկը ինչո՞վ կարող է օգնել: Այնպես որ` այստեղ էլ, հավանաբար, պրես-ռելիզ կազմողները, ինչպես հիմա ընդունված է ասել, ինչ-որ բան խառնել են: Եվ դա ես բացատրում եմ ոչ թե չկամությամբ, այլ պարզապես փորձի պակասով:
«Արժանահավատ աղբյուրների փոխանցմամբ` բրյուսելյան հանդիպումներից մեկի ժամանակ բարձրաստինան եվրոպացի պաշտոնյաները ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ զրույցում ասել են, որ Հայ ազգային կոնգրեսի հետ ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան համագործակցությունն իրենց հուշում է, որ այս դաշինքն իսկապես անպարտելի է: Ավելին, եվրոպացիները շատ հստակ ակնարկել են, որ այս դեպքում իրենք հնարավորին չափով կաջակցեն ժողովրդի աջակցությունը վայելող դաշինքին»: Սա հայտնվել է հայաստանյան կայքերում: Դա արդեն պրես-ռելիզ չէ, այլ, ըստ երևույթին, նույն անփորձ ձեռքով իրականացվող PR: Իրականում այդ ապատեղեկաւովությունը հավասարապես վարկաբեկիչ է թե´ Ծառուկյանի, թե´ Տեր-Պետրոսյանի և թե´ եվրոպացի պաշտոնյաների համար»:
ԲՀԿ-ական ստերը` անփորձ ձեռքի արդյո՞ւնք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet