«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Քաղաքաշինության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանն իր պաշտոնավարման տարիներին շքեղ վիլլա է ձեռք բերել Իսպանիայում:
1in.am-ը գրում է, թե այս ձեռքբերումն ուշագրավ է այն առումով, որ անցած տարեվերջին քաղաքաշինության ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտվեցին.մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ Վ. Վարդանյանի պաշտոնավարման տարիներին Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով բյուջեից հատկացված 700 մլն դրամի մեծ մասը փոշիացվել է, իսկ գրադարանն էլ կիսավերանորոգված է մնացել: Բացահայտվեցին նաև, որ խոշոր գումարներ են մսխվել մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Այդ չարաշահումների հետ կապված՝ քրեական գործ հարուցվեց Գլխավոր դատախազությունում, Վ. Վարդանյանը հարցաքննվեց, բայց պատասխանատուներ այդպես էլ չհայտնաբերվեցին: Փոխարենը քաղաքական շրջանակներում շրջանառվում է, որ ԲՀԿ-ական նախկին նախարարն Իսպանյայում շքեղ վիլլա է գնել: