Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել նաեւ մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչները, ովքեր պահանջում էին անհապաղ լուծում տալ իրենց խնդրին:
ԳԱԼԱtv.am-ն է գրում այս մասին, որ լրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ «Տոնուս» ընկերության հետ դեռեւս յոթ տարի առաջ կնքել են պայմանագիր, կատարել բոլոր վճարումները, սակայն առ այսօր բնակարանները չեն կառուցվել: «Մեզ ամեն տարի ասում են` սպասեք, էս ամսի յոթին կլինի, մյուս ամիս 15-ին կլինի ու այսպես շարունակ»: Բնակիչները հայտնել են, որ իրենց միայն վերջերս են հայտնել, որ «Տոնուս» ընկերությունը սնանկացել է, իսկ իրենց համար կառուցված շենքը, որը ներկայումս անավարտ վիճակում է, գտնվում է Արցախ բանկում` գրավի տակ:
«Մենք ինչ մեղավոր ենք, թող լուծում տան ու վե´րջ, հերիք եղավ` խաբելով մինչեւ ե՞րբ: Մենք այլեւս չենք ուզում սպասել, մենք բոլոր վճարումները կատարել ենք»,- հայտնել են բողոքի ակցիայի մասնակիցներն ու հավելել են, որ բազմաթիվ դիմում-նամակներ են հասցեագրել ինչպես Կառավարության ղեկավարին, այնպես էլ հանրապետության նախագահին` խնդրելով պարտավորեցնել «Տոնուս» ընկերությանը` կատարել պայմանագրով նախատեսված դրույթները:
«Տոնուս» ընկերությունը պատկանում է ԲՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին: