Վերջին շրջանում կտրուկ լարվել են ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր, օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի հարաբերությունները: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ ՀՀ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները «Ֆլեշ» ընկերության Տավուշի մարզում գործող բենզալցակայաններից մեկի գործունեությունը արգելել են՝ հրշեջ կանոնները չպահպանելու համար:
Մինչ այս միջադեպին եւ դրա հանգուցալուծմանն անդրադառնալը, նախ պարզաբանենք, թե ով է Բարսեղ Բեգլարյանը: Նա Հայաստանի օլիգարխներից է` ծագումով ղարաբաղցի: Սերժ Սարգսյանի ուսանողական ընկերներից է: Մասնագիտութամբ տնտեսագետ Բարսեղ Բեգլարյանը, մինչեւ Հայաստանի անկախացումը եւ շուկայական հարաբերությունների հաստատումը, մանկավարժական գործունեությամբ է զբաղվել: Հայաստանի անկախանալուց եւ նոր տնտեսական հարաբերությունների հաստատումից հետո Բեգլարյանը թողել է մանկավարժական գործունեությունը եւ սեփական գործն է դրել: Նրա գործերը հատկապես սկսել են լավ գնալ Սերժ Սարգսյանի Հայաստան տեղափոխվելուց հետո՝ 96-ից սկսած, երբ Սարգսյանը դարձել է սուպեր նախարար՝ ղեկավարելով ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարությունը: Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի միջեւ քավոր-սանիկական հարաբերություն կա: Անցած աշնանը տեղի ունեցավ Բեգլարյանի որդու հարսանիքը, որի քավորը Սերժ Սարգսյանն էր: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Բարսեղ Բեգլարյանը եւ Սերժ Սարգսյանը գրեթե ամեն շաբաթ հանդիպում են «բլոտի» սեղանի շուրջ: Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ՍՊԸ-ն Հայաստանի հիմնական բենզին եւ դիզվառելիք ներկրող ընկերությունն է: «Ֆլեշ» ՍՊԸ-ն հազար խոշոր հարկատուների վերջին ցուցակում զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:
Հաշվի առնելով վերը բերվածը՝ այժմ պատկերացրեք Բարսեղ Բեգլարյանի զայրույթը, երբ նրան զեկուցել են, որ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունն արգելել է Տավուշի մարզում գտնվող իրենց բենզալցակայանի գործունեությունը: Ըստ լուրերի՝ Բեգլարյանը մեծ շքախմբով գնացել է տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի մոտ՝ նախարարության շենք: Սական նրանց «բանակցությունները» արդյունք չեն տվել: ՏԿԱԻ նախարարը պնդել է, որ բենզալցակայանի հրշեջ անվտանգության խնդիրը լուծվի այնպես, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ:
Բարսեղ Բեգլարյանը ստեղծված իրավիճակի մասին դժգոհել է իր քավորին` Սերժ Սարգսյանին: Վերջինս կողմերի մասնակցութամբ «սխոդկա» է հրավիրել: Արդյունքում՝ կողմերը համաձայնության են եկել, ըստ որի՝ Բարսեղ Բեգլարյանը խոստացել է լուծել բենզալցակայանի անվտանգության հարցերը՝ դրանք համապատասխանեցնելով գործող չափանիշներին: Իսկ Արմեն Երիցյանը պարտավորվել է խնդիրը «թաղել». կարծես նման բան տեղի չի էլ ունեցել:
Տեղի ունեցածը Հայաստանի տնտեսական եւ քաղաքական կյանքին բնորոշ սովորական երեւույթ է: Ավելին՝ այն պաշտոնյաները եւ օլիգարխները, ովքեր մոռանում են Հայաստանում գործող խաղի կանոնների մասին, կարճ ժամանակում հայտնվում են լուսանցքում, իսկ նրանց բիզնեսը սնանկանում է:
Երբեմնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի հետ տեղի ունեցածն այս տեսանկյունից բոլորի համար ուսանելի օրինակ է: 90-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին «Ֆլեշ»-ի հետ բենզինի ներկրման շուկան կիսում էր Միխայիլ Բաղդասարովի «Միկա լիմիթեդ» ընկերությունը: Բավական էր՝ մեկ անգամ Բաղդասարովը շփոթվեր եւ փորձեր իրեն հեռու պահել Սերժ Սարգսյանից, իսկ նման անզգուշություն նա կատարել է 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպեսզի նրա բիզնեսը հայտնվեր «սեւ ցուցակում»: Արդյունքում՝ ընդամենը երկու տարում Միխայիլ Բաղդասարովը հարյուր միլիոն դոլարից ավել վնասներ կրեց, եւ նրա բիզնեսների մեծ մասն այսօր արդեն սնանկացած է: Նույնիսկ բնակարաններն է աճուրդի հանել:
Իսկ Բարսեղ Բեգլարյանը դեռ վայելում է Սերժ Սարգսյանի անվերապահ հովանավորությունը:
Հեղինակ` ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում: