Այս տարվա «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակիցը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթներում գրավել է 26-րդ հորիզոնականը` երգի մրցույթից ավելի քան երկու ամիս անց, գրում է BBC-ն:
Ռոզա Լինի Snap-ն օգտագործվել է ավելի քան 360,000 TikTok-յան հոլովակներում, որոնցից որոշները միլիոնավոր հավանումներ են ստացել:
«Դա երազանք է, որն իրականացավ», - ասել է 22-ամյա Ռոզան BBC News-ին:
Սա այս տարվա մրցույթի երկրորդ ամենաբարձր վարկանիշային երգն է՝ զիջելով բրիտանացի Սեմ Ռայդերին, որը մայիսին զբաղեցրեց երկրորդ տեղը:
«Դուք երբեք չգիտեք, թե ինչն է վիրուսային դառնալու TikTok-ում», - ասել է Ռոզա Լինը: «Ես տեսա մի տղայի տեսանյութ, ով ամուսնության առաջարկություն է անում իր ընկերուհուն, և դա զարմանալի էր։ Դա նրանց կյանքի ամենակարևոր բաներից մեկն էր իմ երգով, և այն շատ, շատ հուզեց ինձ»,- ասել է երգչուհին:
BBC-ի հաղորդմամբ` երգի տարբեր տարբերակները մեծացրել են դրա համաշխարհային հայտնիությունը։
«Երբ Snap-ը հատեց 1 միլիոն լսումների շեմը, ես չէի հավատում: Ամեն օր Spotify-ում ստուգում էի երգի լսումների տվյալները: Ես Վանաձորից եմ, մի քաղաք, որը, հավանաբար, չգիտեք, թե աշխարհի որ անկյունում է: Հիմա շատ երջանիկ եմ, մանկուց երազել եմ նման հաջողության մասին»,- նշել է երգչուհին:
Երգը հիթ-շքերթներում է Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում:
Հիշեցնենք, որ մայիսին Թուրինում կայացած մեծ եզրափակչում Snap-ը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը 25-ից՝ չստանալով միավորներ Մեծ Բրիտանիայից ոչ հանրության, ոչ ժյուրիի քվեարկություններում: