«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, թե ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, հնարավոր է, դառնա ֆինանսների նախարար: Հետո հերքվեցին այդ լուրերը, ապա նորից հայտնվեցին լրահոսում: Նման կարգի լուրերի համար, ինչպես հայտնի է, շահագրգռություն են ցուցաբերում հենց այն պաշտոնյաները, ում մասին որ գրվում է: Սա Հայաստանում վաղուց վերեւների կարծիքը շոշափելու «տեխնոլոգիա» է հռչակվել: Բայց սա Պավել Սաֆարյանի շուրջը պտտվող միակ «նորությունը» չէ:
ՀՀ կառավարության վերջին նիստերից մեկին մասնակցել է Պավել Սաֆարյանը, որը հետո հարցազրույց է տվել լրագրողներին: Վերջինս հայտարարել է, թե անցյալ տարի հարկային եկամուտների պլանը 80 մլրդ դրամով թերակատարվել է, ինչի պատճառով կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավել: «Մոտ 48 մլրդ դրամի վարկ ենք վերցրել», հայտարարել է փոխնախարարը: Ըստ նրա, բյուջեի եկամուտների թերակատարման պատճառը ՀՆԱ-ի նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշ ունենալն էր:
Սաֆարյանի այս հայտարարությունը լուրջ դժգոհության առիթ է դարձել համակարգի ներսում: Մասնավորապես Բաղրամյան 26-ում թեման քննարկել են այն կոնտեքստում, թե բյուջեն կատարվել է, եւ անտրամաբանական է այս փուլում նման հայտարարություն հնչեցնելը: Սաֆարյանի վարքագիծը թիմին «պադստավկա» անելու մասով, կասկածահարույց է թվացել վերեւներին, եւ հիմա նրանք փորձում են հասկանալ, թե ում պատվերն է իրականացրել փոխնախարարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում