Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի՝ Արցախի արեւելյան հատվածում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով խոցվել էր պաշտպանության բանակի օդուժի ՄԻ-24 հարվածային ուղղաթիռը: Այն վայր էր ընկել շփման գծի չեզոք գոտում. հայկական կողմը, ըստ նախնական տվյալների, ունի 3 զոհ:
Կործանված ԼՂՀ ՌՕՈՒ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի անդամ ավագ լեյտենանտ Սերգեյ Սահակյանի մասին մտերիմներն անցյալ ժամանակով չեն խոսում. նա կա ու լինելու է: ՀՀ զինված ուժերում Սերգեյը 21 տարի է՝ ծառայում է՝ առանձնանալով իր օրինակելի պահվածքով եւ նվիրվածությամբ:
Armlur.am-ի հետ զրույցում Սերգեյի հարեւանուհին՝ Արեւիկ Խաչատրյանը, կիսվել է իր հիշողություններով՝ անընդհատ շեշտելով, որ Սերգեյ Սահակյանը հայ ժողովրդի եւ հայոց բանակի հերոսն է: Երկվորյակ որդիներին, հատկապես Արթուրին, ավագ լեյտենանտը մշտապես տարել է իր հետ զորավարժությունների եւ երազել նրանց զինվոր տեսնել:
Արեւիկ Խաչատրյանը պատմել է, որ զորավարժությունից օրեր առաջ ծնողները խորհուրդ էին տվել Սերգեյին չմասնակցել՝ պատճառաբանելով, թե արդեն նրա թոշակի անցնելու ժամանակն է, եւ իրավունք ունի հրաժարվելու մասնակցությունից: Սակայն Սերգեյը հրաժարվել է՝ հայտարարելով, որ իր երազանքը՝ փոխգնդապետ դառնալ, պետք է իրականություն դառնա:
Հիշեցնենք, որ անձնակազմի մյուս անդամներից մեկն Ազատ Սահակյանն էր: Նա 24 տարեկան էր, Չարենցավանից: Մյուս զինծառայողը՝ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը, 25 տարեկան էր, Երեւանից, ԶՈւ-ում էր 2006-ից:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում