▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաց նամակ հայ զինվորին

Խաղաղ, պարզկա գիշեր է: Բաց պատուհանից իմ սենյակ է թափանցում նոր ծաղկած լորենիների խենթացնող բույրը: Գիշերն անուշ-անուշ երազներ է խոստանում. լուռ է խավարը, միայն երբեմն-երբեմն ծանոթ ծղրիդն է իր երգով խախտում անդորրը: Լորենու բույր կա իմ սենյակում, իմ սենյակում գիշերվա խոստում կա, ծղրիդի երգ և այնքա՜ն Խաղաղություն: Խաղաղությունը թևածում է սենյակում, իր ջերմ շնչով հպվում սենյակիս հայելուն, մեղմ շոյում բարձիս ասեղնագործված շուշանների նուրբ թերթիկները, իսկ նրա հպումից կենդանացած, ավելի ծաղկացած շուշաններն անհուն երազներով օրորում են հոգիս: Գիշերն իր խոստացած երազներն է նվիրում ինձ, Դու այդ երազում` քո խոստացած շուշանները: Հետո մեղմորեն հպվում ես այտիս և անունս ես տալիս: Եվ քո ձանից ալիքվում է իմ սենյակի Խաղաղությունը և կապույտ-կապույտ կոհակներով վազում անրջելու նոր ծաղկած լորենիների ստվերում: Եվ քո ձայնից լռում է ծղրիդն ու լուռ լսում իմ բարձին ասեղնագործված լուսե շուշանների կախարդական հեքիաթը...

 

...Կար-չկար մի խենթ աղջիկ կար: Նա հավատում էր ճակատագրին և կեսգիշերային լռության մեջ լուսնին պատմում իր ոսկե անուրջները: Հետո` գարնանային մի օր, լուսինն այդ Անուրջը կանգնեցրեց նրա ճանապարհին: Նա սև, խորունկ աչքեր ուներ: Երկնքի աստղեր ուներ Նա ոչ թե ուսերին, այլ աչքերի մեջ: Գեղեցիկ համազգեստով էր, անվախ սիրտ ուներ և սիրող հոգի...

 

Իմ շուշաններն ամեն գիշեր նույն հեքիաթն են պատմում մեր ծղրիդին, իսկ նա չի ձանձրանում, լսում է ու լսում: Նա գիտի Քեզ, ճանաչում է ձայնդ: Գիտի, որ հանդիպել ենք, երբ նոր ծաղկած լորենիները ճերմակ թերթեր էին թափում մայթերին և սիրո երազով օրորում սրտերը մարդկանց: Նա գիտի, որ շուշանն է իմ ծաղիկը, և Քոնն են իմ ծաղկամաններում ապրող շուշանները: Նա գիտի, որ լորենիներ են ծաղկում հիմա հեռու այն վայրերում, ուր Դու ամեն երեկո լուռ համբուրում ես թաշկինակիդ ասեղնագործված շուշաններն ու տալիս անունս: Ես ամեն գիշեր տեսնում եմ Քեզ Քո գեղեցիկ համազգեստով` ուսերիդ լորենու ծաղիկներ: Դու ինձ ամեն գիշեր շուշաններ ես նվիրում և կապույտ-կապույտ Խաղաղություն...

 

Դու շուրջ երկու տարի ոչ մի շուշան չես տեսել, չես լսել ձայնը մեր ծղրիդի, բայց այստեղ` մեր երազների հեռվում, Քո մասին են իմ շուշանե բարձին ննջող մտքերը...

 

Ոչ մի բան չի վրդովում իմ շուշանների Խաղաղ քունը, Խաղաղ են ծաղկում լորենիներն իմ պատուհանի տակ. նրանք ճանաչում են Քեզ: Լսել են քո մասին իմ հույսերի մեղուներից, գիտեն, որ դու Պաշտպանության բանակի զինվոր ես: Դու բազմաթիվ քաջ ընկերներ ունես կողքիդ, ովքեր հեռվում իրե՛նց պատմությունն ունեն և սիրած աղջիկներ: Մենք հեռու-հեռուներում շուշաններ ենք ասեղնագործում և լսում ծղրիդների երգը: Սպասում ենք, որ գաք և շուշաններ բերեք մեզ, որ ասեք` «Սիրում եմ...»:

 

Անժելա Միքայելյան

Աղբյուր՝ 21tv-ի կայք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее