Այսօր` փետրվարի 12-ին, անվանի դուդուկահար, հանրապետության վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանի նշում է ծննդյան 50-րդ տարեդարձը:
Գևորգ Դաբաղյանի առաջին հայացքից միայն հայերի սրտի լարերին դիպչող ձայնը, հնչել է աշխարհի տարբեր ծայրերում և անկախ ազգությունից ստիպել է խորհել և, ինչու չէ, նաև տխրել: Նրա կատարած աշխատանքը տարիների փորձ ունի: Դեռևս 1991 թվականին Գևորգ Դաբաղյանը ստեղծել էր «Շողակն» ժողովրդական անսամբլը: Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ֆոնդում էլ ունի շուրջ 50 ձայնագրություններ: Դուդուկով հնչեցրել է հայ միջնադարյան, գուսանական և հոգևոր երաժշտությունը:
Ներկայումս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` իր փորձն ու գիտելիքները փոխանցելով շնորհալի և հավատ ներշնչող երիտասարդներին, որպեսզի հայկական դուդուկն ունենա ոչ միայն փայլուն անցյալ և ներկա, այլև նույնքան վառ ապագա:
Մեկ անգամ Գևորգ Դաբաղյանն ասել է հետևյալը` «Սերն է պակասել: Իրար չենք սիրում, եւ խոսքը միայն զույգերի մասին չէ»:
Asekose.am-ը շնորհավորում է դուդուկի վարպետին և մաղթում, որ սիրո պակաս անկախ դրա դրսևորումներից երբեք չզգա: